Ընտրությունների ընթացքում խախտումներ կատարած բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն օրենքով նախատեսված ամենախիստ պատասխանատվությանը։ Այս մասին Սահմանադրական դատարանում (ՍԴ) 7 քաղաքական ուժերի հայցի քննության ժամանակ հայտարարել է որպես երրորդ կողմ հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ինչպես պարզվել է, Գալյանն ամենևին նկատի չուներ այն խախտումները, որոնք դատարան դիմելու առիթ էին դարձել։ Ընդհակառակը, նախարարը նկատի ունի «ընտրակաշառքը, ֆինանսական հոսքերը, կաշառքները» և այլն։
Նախարարը հայտարարել է, որ իրավիճակին պետք է նայել ոչ թե խախտումների առկայության, այլ այն տեսանկյունից, թե արդյոք այդ խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հղում անելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին՝ Գալյանը նշել է, որ ընտրությունների արդյունքների չեղարկումը ծայրահեղ միջոց է, իսկ հայտնաբերված խախտումները թույլ չեն տալիս խոսել զանգվածային խախտումների մասին։
Մեջբերելով ՄԻԵԴ-ի որոշումը, Գալյանը «ՔՊ» առաջնորդի կտրուկ հայտարարությունները համարում է թույլատրելիի սահմաններում հնչած էմոցիոնալ կամ կոշտ քննադատություն։ Ըստ նրա՝ դա չի ազդել ընտրողների կարծիքի վրա, քանի որ հասցեագրված է եղել քաղաքական ընդդիմախոսներին, և չի կարող դիտարկվել որպես ատելության խոսք։
Կենսաթոշակների բարձրացումն ընտրողների համակրանքը շահելու փորձերի հետ կապելու մասին խոսակցությունները Գալյանը դատարկ է համարում։ Նրա խոսքով՝ եթե դա դիտարկվի որպես կաշառելու փորձ, ապա իշխանությունները պետք է թողնեն ու տուն գնան։ Հիշեցնենք, որ տարեսկզբին իշխանությունները վստահեցնում էին, թե թոշակների բարձրացման համար գումար չկա։ Գումարն անսպասելիորեն հայտնվել է հենց ընտրությունների նախաշեմին։
Խոսելով այն մասին, որ «ԲՀԿ»-ն «չի հաղթահարել անցողիկ շեմը», նա հայտարարել է, որ ԲՀԿ ցուցակում այլ կուսակցությունների 11 ներկայացուցիչ է եղել, այսինքն՝ խոսքը թաքնված դաշինքի մասին է, և ԲՀԿ-ին անհրաժեշտ կլիներ հաղթահարել 8 տոկոսանոց շեմը։
«ՔՊ» ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն էլ ուշադրություն է հրավիրել ԲՀԿ-ի վրա՝ հայտարարելով, որ վիճահարույց տեղամասերում (10/51 և 35/65) քվեարկության արդյունքների ազդեցությունն անդրադարձել է տարածքային ընտրական հանձնաժողովի արդյունքների վրա, բայց չի ազդել ընդհանուր արդյունքների վրա։