Հնագետների անսպասելի բացահայտումը․ մարդու խորհրդավոր նախահոր բոլոր կմախքները կանացի են եղել

Նոր հետազոտությունն առաջին անգամ հնարավորություն է տվել ստանալ մոլեկուլային տվյալներ մարդու խորհրդավոր հին ազգականի՝ Homo naledi-ի մասին․ արդյունքներն անսպասելի էին։ Գիտնականները պարզել են, որ այս տեսակի բոլոր հայտնի կմախքները, որոնք հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայի Rising Star քարանձավային համակարգում, պատկանում են կանանց։ Սա աննախադեպ է մարդու էվոլյուցիայի ուսումնասիրություններում, որը կարող է փոխել պատկերացումները հին հոմինինների վարքագծի մասին։ Աշխատանքը հրապարակվել է Cell ամսագրում։

Homo naledi-ն հայտնաբերվել է 2013 թվականին հնէաբան-մարդաբան Լի Բերգերի ղեկավարած միջազգային արշավախմբի կողմից։ Այդ ժամանակվանից Հարավային Աֆրիկայի «Մարդկության օրրան» տարածաշրջանում գտնվող դժվարամատչելի քարանձավային համակարգի խորքում հայտնաբերվել են գրեթե երկու տասնյակ կմախքներ՝ մոտ 300 հազար տարվա հնությամբ։ Այս տեսակը վաղուց տարակուսանքի մեջ է գցում հետազոտողներին․ ունենալով փոքր ուղեղ, որը համեմատելի է ավստրալոպիթեկների ուղեղի հետ, Homo naledi-ն ունեցել է զարմանալիորեն ժամանակակից դիմագծեր, ինչպես նաև ձեռքերի ու ոտքերի կառուցվածք։

Հին մարդկանց սեռը որոշելու համար Մաքս Պլանկի ընկերության Էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի հետազոտողները և նրանց գործընկերները վերլուծել են հին սպիտակուցները, որոնք պահպանվել էին առնվազն 20 անհատի պատկանող 23 ատամների ատամնապսակում։ ԴՆԹ-ն առանձնացնելու փոխարեն, որը նման երկար ժամանակահատվածում հազվադեպ է պահպանվում, գիտնականներն ուսումնասիրել են ամելոգենին սպիտակուցը։ Տղամարդկանց մոտ առկա են AMELX և AMELY գեներով կոդավորվող սպիտակուցներ, մինչդեռ կանանց մոտ կա միայն AMELX սպիտակուցը։ Ուսումնասիրված բոլոր նմուշներում AMELY սպիտակուցը բացակայում էր, ինչը վկայում է, որ ուսումնասիրված բոլոր անհատները եղել են իգական սեռի։

Այս արդյունքն անսպասելի էր անգամ աշխատանքի հեղինակների համար։ Լի Բերգերի խոսքով՝ Homo naledi-ն նախկինում էլ մշտապես անակնկալներ է մատուցել, սակայն նման բան ոչ ոք չէր սպասում։ Ավելին, առավել հայտնի որոշ կմախքներ, ներառյալ գրեթե ամբողջական մի կմախք, որը նախկինում համարվում էր արական, նոր վերլուծությունից հետո պարզվել է, որ կանացի է։

Առայժմ հետազոտողները չեն կարող բացատրել, թե ինչու են քարանձավում հայտնվել բացառապես կանայք։ Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ գոյություն է ունեցել հատուկ պրակտիկա, որի համաձայն՝ հենց կանանց էին մահից հետո տեղավորում քարանձավի այդ հատվածում։

Եթե այս վարկածը հաստատվի, դա կդառնա հին մարդկանց շրջանում սեռով պայմանավորված թաղման վարքագծի առաջին հայտնի օրինակը։ Սակայն կա նաև այլընտրանքային վարկած․ հնարավոր է, որ Homo naledi-ի մոտ AMELY գենը բացակայել է, և այդ պատճառով սպիտակուցային վերլուծությունը թույլ չի տալիս տարբերակել տղամարդկանց և կանանց։ Այս վարկածը ստուգելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ հետազոտություններ։

Բացի այդ, գիտնականները Homo naledi-ի մոտ հայտնաբերել են կոլագենի հետ կապված գենի անսովոր տարբերակ, որը նախկինում գտնվել էր միայն մեկ այլ հին տեսակի՝ Paranthropus robustus-ի մոտ։ Սա կարող է վկայել տարբեր հին հոմինինների միջև էվոլյուցիոն կապերի ավելի բարդ լինելու մասին, քան համարվում էր ավելի վաղ։

Հեղինակները նաև նշել են, որ հին սպիտակուցների վերլուծության կիրառված մեթոդը նոր հնարավորություններ է բացում հազվագյուտ բրածո մնացորդների ուսումնասիրության համար՝ առանց դրանք վնասելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *