Իրանը խոստացել է հասնել նրան, որ պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնք առնչություն ունեն 1987 թվականին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող իրանական Սարդաշտ քաղաքի քիմիական ռմբակոծությանը։
Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին X սոցիալական ցանցում գրել է, որ Սարդաշտը դարձել է ոչ միայն քիմիական զենքի զոհ, այլև այն երկրների կողմից «երկակի ստանդարտների և լռության զոհ», որոնք նման սպառազինություն էին մատակարարում Սադամ Հուսեյնի ռեժիմին, այդ թվում՝ Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները։
Նա հայտարարել է, որ Թեհրանը լրջորեն հետամուտ է լինելու կատարված հանցագործության համար պատասխանատվության հարցին՝ ընդգծելով միջազգային հետաքննության և մեղավորների պատժի անհրաժեշտությունը։
Ինչպես հաղորդում է Mehr-ը, 1987 թվականի հուլիսին Իրաքի ռազմաօդային ուժերը, այն ժամանակվա երկրի նախագահ Սադամ Հուսեյնի ղեկավարությամբ, քիմիական զինամթերքով հարվածներ են հասցրել Սարդաշտի չորս խիտ բնակեցված շրջաններին։ Հարձակման հետևանքով զոհվել է 110 խաղաղ բնակիչ, մոտ 8 հազար մարդ թունավորվել է, ինչը հանգեցրել է առողջության համար ծանր և երկարաժամկետ հետևանքների։
Իրանը պարբերաբար հիշեցնում է Սարդաշտի ողբերգության մասին հարձակման տարելիցներին՝ այն անվանելով խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման ամենածանր դրվագներից մեկը։