Հարավային Կորեան պաշտոնական բողոք է հայտնել Չինաստանին և Ռուսաստանին՝ պնդելով, որ նրանց ռազմական ինքնաթիռները առանց թույլտվության մուտք են գործել երկրի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի (KADIZ), հաղորդում է Yonhap-ը։
Ինչպես հայտնել են Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը․ շուրջ տասը չինական և ռուսական ռազմական ինքնաթիռներ կարճ ժամանակով մուտք են գործել KADIZ՝ երկրի արևելյան և հարավային ջրային տարածքների վրա, ապա լքել այն։
Ի պատասխան՝ հարավկորեական ռազմական գերատեսչությունը Սեուլ է հրավիրել Չինաստանի և Ռուսաստանի դեսպանությունների ռազմական կցորդներին և նրանց հայտնել «վճռական բողոք»՝ ընդգծելով նման գործողությունների անթույլատրելիությունը։
Սեուլը երկու երկրներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման միջադեպերը չկրկնվեն։
Պաշտպանության նախարարությունից նաև հայտարարել են, որ Հարավային Կորեայի զինված ուժերը կշարունակեն ակտիվորեն արձագանքել հակաօդային պաշտպանության նույնականացման գոտու հետ կապված ցանկացած գործողության՝ միջազգային իրավունքի համաձայն, երկրի օդային տարածքը պաշտպանելու համար։