Քաջարանում սպասում են խաղահրապարակի կառուցմանը․ «Քիդ Սպորտ»-ը մրցույթի մի փուլն անցնել է, հետո՝ հրաժարվել

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում խաղահրապարակի կառուցման գործընթացը հետաքրքիր զարգացումներ է ունեցել։ 2026 թվականի մարտի 13-ին կայացած գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն՝ նախնական որակավորման փուլին մասնակցել են «Քիդ Սպորտ» և «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ները։

Հանձնաժողովն արձանագրել է, որ «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին, իսկ «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ի հայտը՝ ոչ, և այն ենթակա է մերժման։



Փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ն նախնական որակավորման փուլն անցած միակ մասնակիցն է եղել, սակայն, չգիտես թե ինչու վերջնական մրցույթին այդ ընկերությունը չի մասնակցել։ Արդեն հաջորդ փուլում հրապարակված հայտարարությունից պարզ է դառնում, որ տվյալ ընթացակարգով գնումը չի կայացել, նշված է, որ «ոչ մի հայտ չի ներկայացվել»։

Այս հանգամանքը ողջամիտ կասկածներ է առաջացնում․ ինչպե՞ս է ստացվում, որ նախնական որակավորման փուլը հաջողությամբ անցած ընկերությունը վերջնական փուլին չի մասնակցել։

Արդյոք ընկերությունը հրաժարվել է մասնակցությունի՞ց, թե՞ եղել են այլ պատճառներ, որոնք խոչընդոտել են գործընթացին։

Oragir.News-ը կապ հաստատեց Քաջարանի համայնքապետարանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ մրցույթը չի կայացել։

Քաջարանի համայնքապետի խորհրդական Վազգեն Ազարյանը հաստատեց, որ նախնական որակավորում անցել է միայն «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ն, որին ուղարկվել է հրավեր, սակայն ընկերությունը չի մասնակցել հաջորդ փուլին։

Նրա խոսքով՝ մյուս կազմակերպությունը չի անցել նախնական փուլը՝ փաստաթղթերի անհամապատասխանության պատճառով։

«Ես չեմ կարող ասել՝ ինչու չի մասնակցել։ Մեզ հետաքրքրել է միայն ընթացակարգային մասը․ հրավեր է ուղարկվել, բայց մասնակցություն չի եղել»,- նշեց նա՝ հավելելով, որ լրացուցիչ մանրամասների համար անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել։

Oragir.News-ը պարզաբանում ստացավ նաև մրցույթի վերջնական փուլում անհասկանալի պատճառներով չմասնակցած «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ից։

«Այն ժամկետները, որ մեզ առաջարկվում էին մրցույթի շրջանակում աշխատանքներն իրականացնելու համար, մեզ հարմար չէր, իրենց պետք էր շատ շտապ, և իսկ մենք այդ պայմաններում չէինք կարող իրականացնել աշխատանքները»,- հայտնեցին «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ից։

Այս ընկերությունից հավելեցին նաև, որ գնումների պատասխանատուները տեղում չեն, որպեսզի մանրամասներ ներկայացնեն։շ

Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *