««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը «հայտնվել» է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ով Արման Բոշյանի կինն է, ցուցակի 102-րդ համարն է։ Այն Բոշյանի, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այլևս հրաժարվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակում ու հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Հիմա նրա կինը փոխնախարար է ու ցանկանում է պատգամավոր դառնալ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ալեն Սիմոնյանը երեկ՝ Ոստիկանության օրվա առթիվ, ԱԺ նախագահի շնորհակալագրով է պարգեւատրել 2 ոստիկանի՝ «ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։ Նրանցից մեկն իրականում բռնարար է։ Խոսքը ոստիկանության փոխգնդապետ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւանի վարչության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սենիկ Երանոսյանի մասին է։
Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը, որը 2023 թ․ փետրվարի 9-ին մի խումբ ոստիկանների հետ բռնության էր ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին՝ նրանք հայհոյել եւ ծեծի էին ենթարկել փաստաբաններին:
«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչեւ հունիսի 7-ի ընտրությունները, սակայն ՔՊ մեր աղբյուրները քիչ հավանական են համարում, որ ընտրություններից առաջ հանրության առաջ փռեն իրենց «կեղտոտ սպիտակեղենը»։ Խնդիրը միայն Անկախության հռչակագրից ազատվելը չէ, որի մասին Փաշինյանը բաց հայտարարել է, այլ մի շարք անհավանական փոփոխություններ ու խմբագրումներ։
Մեզ ասացին՝ Փաշինյանն իր «հագով» է Սահմանադրությունը «ձևելու»։ Տեղեկություններ կան, որ եթե ՔՊ-ին հունիսի 7-ին չհաջողվի սահմանադրական մեծամասնություն վերցնել, բայց մի կերպ մնալ իշխանության, ապա սահմանադրական կարգավորումներն էլ կհամապատասխանեցնեն իրենց ստացած քվեների քանակին, որպեսզի կարողանան սահմանադրական օրենքներ ընդունել։
«Հրապարակ» թերթը գրում է․
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ զինվորական դատախազությունը քաղհայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, խաղաղապահ ուժերի բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի։
Դատախազությունը նրանից պահանջում է պետությանը պատճառած վնասի փոխհատուցում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Վերջին փոդքաստում Ռոբերտ Քոչարյանը հպանցիկ ասաց, որ հանդիպել է ՌԴ նախագահի հետ, սակայն չմանրամասնեց։ Մեր տեղեկություններով՝ զրույցն ավելի շատ բողոքի եւ պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձ է եղել։ Քոչարյանը ներկայացրել է, թե ինչ «անհավանական հաջողությունների» կարող էր հասնել, եթե իրեն չխփեին սերժականները, ու չհայտնվեր Սամվել Կարապետյանը։ Ապա թվարկել է, թե իր կարծիքով ինչ սխալներ է թույլ տալիս նորաստեղծ «Ուժեղ Հայաստանը», որից ողջ ընդդիմությունն է տուժում, եւ ոչ մեկը չի հաղթելու, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը»։
Վերջում էլ խնդրել է Վիկտոր Սողոմոնյանին նշանակել ՌԴ Հայերի միության նախագահ, որպես հիմնավորում շեշտելով, որ Արա Աբրահամյանը խիստ բացասաբար է տրամադրված Կարապետյանի նկատմամբ, հետեւաբար, ընտրություններին ոչ միայն չի աջակցի, այլեւ նույնիսկ կարող է խանգարել։ Վստահեցրել է, որ Սողոմոնյանի միջոցով կանի ամեն հնարավորը, որ «Ուժեղ Հայաստանը» հնարավորինս շատ ձայներ հավաքի։
«Իրավունք» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի նախկին կողակից Աննա Հակոբյանը մտերիմ շրջապատում անկեղծացել եւ հորդորել, որ չնայած իրենց բաժանմանը ինքը միանշանակ Փաշինյանի վերընտրվելուն է կողմ ու նույնը խորհուրդ է տալիս իր շրջապատին։
«Մեր հարաբերությունները թող չազդեն վարչապետի նկատմամբ Ձեր վերաբերմունքի փոփոխությանը, ինքս էլ իրացնելու եմ իմ քաղաքացիական պարտքը եւ իմ ձայնը միանշանակ տալու եմ գործող վարչապետին»,-վերջինս մոտ կանգնած աղբյուրների համաձայն այս կերպ է արտահայտվել Աննա Հակոբյանը մտերիմների մոտ։
«Իրավունք» թերթը գրում է.
«Այս օրերին ՔՊ-ի ցուցակից դուրս մնացած պատգամավոր Հայկ Սարգսյանին են դիմում ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած տարբեր ուժեր՝ առաջարկելով իրենց ցուցակով առաջադրվել առաջիկա ընտրություններին:
Սակայն, վերջինս բոլորին կտրուկ մերժում է, ավելին՝ հայտարարում է, որ նա թեեւ հարազատ կուսակցությունում այլեւս տեղ չունի, բայց դա բացարձակ չի ազդում իր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների վրա, եւ որ ինքը երբեք չի միանա այն ուժերին, որոնց դեմ պայքարել է նաեւ ինքը 2018 թվականին»։