Նախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունել


Հայաստան


Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը և խթանումը, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի հերթական  նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը Հայաստանին հնարավորություն կտա բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճը:

 Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ներկայում գործում է  «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որն ընդունվել է 1994 թվականին, սակայն չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք ամբողջական  կարգավորում: Զեկուցողի խոսքով՝ նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի ներդրողների և ներդրումների վրա:

Օրենքը կարգավորելու է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները, ներդրողների իրավունքներն ու այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների՝ արտոնությունների, իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը: Կարգավորվելու է  նաև ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է երկար ժամանակ, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ գործարարների մասնակցությամբ:

Նշվել է, որ նախագծի ընդունումից հետո ուժը կորցրած կճանաչվի «Օտարերկրյա ներդրումների մասին» գործող օրենքը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *