Մինչև 2028 թվականը Մոնղոլիան 134 մլն դոլարով կկառուցի ածխի  գործարան

Մոնղոլիայի կառավարությունը միջազգային մրցույթ է հայտարարել Ուլան Բատորի Բագանուուր շրջանում ածխի պիրոլիզի գործարանի կառուցման կապալառուի ընտրության համար։ Այդ մասին հաղորդվում է երկրի կառավարության պաշտոնական կայքում։

Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 134 միլիոն դոլար։ Գործարանը տարեկան կվերամշակի 1,8 մլն տոննա ածուխ և կարտադրի 600 հազար տոննա կիսակոքս, ինչը լիովին կապահովի մայրաքաղաքի ձմեռային վառելիքի պահանջարկը։

Կառավարության գնահատմամբ՝ նախագծի իրականացումը թույլ կտա 50–60%-ով նվազեցնել Ուլան Բատորի օդի աղտոտվածությունը։ Բացի այդ, արտադրության ընթացքում ստացվող պիրոլիզային գազի հաշվին կարտադրվի 40 ՄՎտ էլեկտրաէներգիա, որից 26 ՄՎտ-ը կմատակարարվի երկրի կենտրոնական էներգահամակարգ։

Նախագիծը նաև հնարավորություն կտա տարեկան ավելի քան 56 մլն դոլարով կրճատել պետական բյուջեի ծախսերը, որոնք ներկայումս ուղղվում են Չինաստանից կիսակոքսի ներմուծմանը։ Գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականի առաջին եռամսյակում, իսկ ներքին շուկա արտադրանքի մատակարարումները կսկսվեն նույն տարվա երկրորդ եռամսյակում։

Մոնղոլիայի վարչապետ Նյամ-Օսորին Ուչրալը նշել է, որ նախագիծը պարզապես գործարանի կառուցում չէ, այլ ռազմավարական նախաձեռնություն, որը նոր մակարդակի կհասցնի երկրի ածխաքիմիական արդյունաբերությունը և հիմք կստեղծի օգտակար հանածոների խորը վերամշակման միջոցով բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի թողարկման համար։

Չնայած Մոնղոլիայում արդյունահանվող ածխի մեծ մասն արտահանվում է, երկրի ներսում դրա սպառումը շարունակում է մնալ բարձր, ինչը բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա։ Արտանետումների ավելի քան 55%-ը բաժին է ընկնում յուրտային բնակավայրերին, որտեղ բնակիչները ձմռանը տները ջեռուցում են չմշակված ածխով՝ ամենաաղտոտող վառելիքներից մեկով։

Այս խնդիրը լուծելու նպատակով իշխանությունները իրականացնում են տնային տնտեսությունները ռուսական բնական գազի օգտագործման անցնելու ծրագիր։ Մոնղոլիայի գազամատակարարման զարգացմանը կարող է նպաստել նաև Ռուսաստանից Չինաստան Մոնղոլիայի տարածքով նախատեսվող «Սոյուզ Վոստոկ» տարանցիկ գազատարը, որը «Սիբիրի ուժը–2» մայրուղային գազատարի նախագծի մաս է կազմում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *