Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի. ՆԳՆ

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ իրազեկելով, որ ապրիլի 19-ի ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի «Հարգելի՛ քաղաքացիներ, Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված․  ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։ 

Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։ «Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։ Ժամը 17․00-ից երթևեկությունը կսահմանափակվի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։ 

Ավտոերթի մասնակիցներին խնդրում ենք պահպանել անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների միջև պահպանել անվտանգ միջտարածություն, հետևել Ոստիկանության ծառայողների ցուցումներին և ճանապարհային նշաններին։ 

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից 14:00-ն նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին մեծ ավտոերթ է լինելու դեպի Գյումրի՝ նշելու Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *