Փաշինյանի սարսափելի խոստովանությունը նոր ռիսկեր է պարունակում

Քաղաքական խոսույթում հաճախ է կիրառվում «պսևդո» բառը, որը նշանակում է՝ կեղծ։ Ամենատարածվածը «պսևդոհայրենասեր» բառն է, այսինքն՝ կեղծ հայրենասեր։ 90-ականների սկզբում ի հայտ եկավ «կոոպերատիվ դաշնակ» անվանումը, որով բնորոշում էին այն խմբերին, որոնք ներկայանում էին, թե դաշնակցական են, սակայն իսկական ՀՅԴ-ից չէին։ Ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը կիրառեց «պսևդոդաշնակցական» բառը, որը բառացի նշանակում է՝ կեղծ դաշնակցական։

«Եկեք խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, մենք էդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, բայց նա էդ նախընտրական ծրագիրը մի կողմ է դրել, մեզ ավանդել է ուրիշ օրակարգ»,- այս մասին ապրիլի 16-ին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչո՞ւ է ՔՊ-ն պսևդոդաշնակցական ծրագրով հանդես եկել 2021-ին, և հարավո՞ր է վաղն էլ վերաորակի ՔՊ-ի այսօրվա նախընտրական ծրագիրը։

Եթե Փաշինյանը գիտի, թե ինչ է նշանակում՝ «պսևդո» բառը և «պսևդոդաշնակցական» բառն ուղիղ իմաստով է կիրառել, ապա կարելի է ենթադրել, որ այսպիսով նա խոստովանում է, որ ՔՊ-ն 2021-ին խաբել է ժողովրդին, ներկայացել որպես դաշնակցական, այնինչ՝ եղել է պսևդոդաշնակցական, այսինքն՝ կեղծ դաշնակցական։ Ի՞նչ երաշխիք կա, որ նա չի կեղծում այսօր, երբ խոսում է անկախության, ժողովրդավարության և խաղաղության մասին։

Այս խոստովանության մեջ ուշագրավ է նաև այն, որ պատասխանատվությունը դրվում է ժողովրդի վրա՝ չնկատելով նույնիսկ, որ այս վերացարկման մեջ տրամաբանական խզում կա։ Ժողովուրդն ինչպե՞ս կարող էր 2021-ին ընտրել ՔՊ-ի պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիրը, Փաշինյանին ընտրել վարչապետ, ու անմիջապես հետո Փաշինյանին ավանդել այլ օրակարգ։ Այսպիսի վերացարկումը վիրավորական է թե՛ ժողովրդի, թե՛ վարչապետի համար։

Մտահոգիչ է նաև ապագային միտվող ենթադրությունը, թե Փաշինյանը մի քանի տարի անց կարող է հրաժարվել 2026-ի պլատֆորմից՝ այն հետահայաց որակելով պսևդոանկախական, պսևդոժողովրդավարական, պսևդոպացիֆիստական։ Հոռետեսները կարծում են, թե նա կարող է հրաժարվել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունից, խաղաղության օրակարգից, երկիրը ներքաշել պատերազմի մեջ, հակաժողովրդավարական քայլեր անել, խորացնել կախվածությունը Կրեմլից, հետո պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա։

Մասնավորապես՝ հոռետեսները կասկած են հայտնում, թե Փաշինյանն ընտրություններից հետո պաշտոնապես թույլ է տալու, որ հարևանները Հայաստանը կոչեն «Արևմտյան Ադրբեջան»։ Նա, ճիշտ է, մի քանի անգամ հրապարակավ ու խիստ հայտարարել է, թե Հայաստանի տարածքում չկա այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», թե այդ խոսույթը հակասում է խաղաղության օրակարգին, կոչ է արել Ադրբեջանին այդպիսի խոսւյթ չկիրառել։ Սակայն նրան չեն լսում Բաքվում և պետական մակարդակով առաջ են տանում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը։

Մասնավորապես՝ այս օրերին համանուն խորագրով ցուցահանդես է բացված Ադրբեջանի նկարիչների միության ցուցասրահում։ Իսկ ՀՀ իշխանությունը դրան չի անդրադառնում ու չի դատապարտում ագրեսիայի ակնարկ պարունակող, ազգային ինքնասիրությունը վիրավորող այս երևույթը, որը նաև խախտում է խաղաղության նախաստորագրված պայմանագրի 8-րդ հոդվածը։ Հետևաբար՝ այս կասկածը լրիվ անհիմն չէ։

Հոռետեսության համար ավելի ծանրակշիռ հիմք կա։ 2023-ի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարեց, թե անկախության պաշտպանության շարժում է սկսում։ Եթե իրոք այդպիսի շարժում սկսվեր, ապա խորհրդային բռնազավթումից ազատագրված բախտակից երկրների օրինակով՝ Հայաստանից ևս դուրս կհրավիրվեին ռուսական զորքերը, լյուստրացիայի մասին օրենք կընդունվեր, ՀՀ-ն դուրս կգար ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, որ պաշտպաներ իր անկախությունը ռուս-թուրքական հնարավոր ոտնձգություններից։ Սակայն այսպիսի իրական քայլեր չեղան և չեն էլ նշմարվում։

Կարճ ասած՝ հոռետեսական մտավախություն կա, որ Փաշինյանը, ինչպես հետահայաց խոստովանությամբ վերաշարադրում է 2021-ի նախընտրական պատմությունը և պատասխանատվությունը դնում ժողովրդի վրա, նույն կերպ կարող է մի քանի տարի հետո հրաժարվել խաղաղության օրակարգից, անկախությունը պաշտպանելուց, ժողովրդավարությունից։ Իսկ երբ կրկին փորձի վերընտրվել, ապա հետահայաց կարող է ասել, թե 2026-ին մեր ժողովուրդը Իրական Հայաստան չէր ուզում, կամ Իրական Հայաստանը տեսնում էր ռուս-բելառուսական հակաքաղաքակրթական միության մեր երբեմնի ընդհանուր հայրենիքի կազմում, կամ մեր ժողովրդի կարծիքով՝ Իրական Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» էր, կամ նման սարսափելի, ապապետական բաներ։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *