Պետք է դեմն առնել ու թույլ չտալ, որ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի․ Սեյրան Օհանյան

Այս իշխանությունները խաղաղության օրակարգով եկան իշխանության, բայց իրենց իրարամերժ գործողություններով կատարեցին ուղիղ հակառակը․ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նրանք ուղղակի տապալեցին բանակցային գործընթացը, երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ և մենք ունեցանք պարտություններ ոչ միայն Արցախում։ Ադրբեջանցիները ավելի արագ հայտնվեցին մեր սահմանամերձ բնակավայրերում, մեր սահմաններում, ուղղակի զբաղեցրեցին մեր ռազմավարական կարևոր կետերը»,- հիշեցրել է Օհանյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը ոչինչ չի արել Արցախի հայաթափումը կանխելու համար։

«Այսօր մենք ունենք հետևյալը․ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում մեր առողջ, միասնական երիտասարդ և զարգացող մարմինը ուղղակի անդամահատված է և հաշմված վիճակում է։ Այլ բան է՝ հայրենիքի համար անդամահատում ունենալ, հաշմված լինել, դա նույնիսկ պատիվ է, բայց այլ բան է, երբ այդ հաշմվածությունը իր ազդեցությունն է ունենում ուղեղի վրա։ Կարծում եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր ժողովրդի գիտակից մասը, կարելի է ասել, նաև ժողովրդի մեծ մասը, այս ամենը գիտակցում է։ Սրա դեմը պետք է առնել՝ թույլ չտալով, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2026 թվականին նորից վերարտադրվի և նաև տանի մեր երկրի շարունակական անկման, սա նաև ազգային արժանապատվության վերականգնման խնդիր է»,- եզրափակեց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *