Ո՞ւր կարող եք գնալ ծակ կոշիկով և 2007-ի ռազմավարությամբ

1991-ից ի վեր բոլոր ընտրություններից առաջ հավակնորդները ներկյացնում են իրենց պատկերացումներն ազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ։

Օրինակ՝ մարտի 13-ին «ՀայաՔվեն» ներկայացրել էր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը։ Թեմայի շուրջ փորձագիտական քննարկում, պանելային նիստեր են կազմակերպվել։

«Հայաքվեի» ղեկավար Ավետիք Չալաբյանը բացման խոսքում նշել էր, որ մինչև 2020-ը մշակված փաստաթղթերը կորցրել են իրենց ռելեվանտությունը ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, անհրաժեշտ է ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգ որդեգրել։

ՔՊ-ում այլ պատկերացումներ ունեն անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ ՔՊ-ի նախընտրական ծրագրում անվտանգության խնդիրներին ծավալուն անդրադարձ կա, սակայն դա համակարգված չէ, պարզ չէ, թե որոնք են ՔՊ-ի անվտանգային կրեդոներն ու կարմիր գծերը։

Ինչո՞ւ ՔՊ-ն չի ներկայացնում Ազգային անվտանգության ռազմավարության իր նախագիծը։

Մարտի 25-ին Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ հետաքրքրվելով՝ ՀՀ-ում այսօր 2007-ի՞ն ընդունված Անվտանգության ռազմավարությունն է գործում, թե՞ 2020-ին ընդունվածը։ Ազգային անվտանգության ի՞նչ ռազմավարությամբ է առաջնորդվում Հայաստանն այսօր։

«Տեղեկացնում ենք, որ 2007 թվականին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը դե յուրե շարունակում է գործել»,- գրված է ԱԽ գրասենյակի պատասխան նամակում։

Գրասենյակը տեղեկացնում է, որ 2020-ին ԱԽ-ում հավանության արժանացած ԱԱՌ-ն չի հաստատվել Հանրապետության Նախագահի կողմից, քանի որ վերջինս 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նման լիազորություն չունի:

Ժամանակավրեպ չէ՞ 2007-ին ընդունված ԱԱՌ-ն։ Գուցե ԱԽ-ն կորցրե՞լ է իրականության զգացումը։ Այս տպավորությունը ցրելու համար ԱԽ գրասենյակն իր պատասխան գրության վերջում ընդգծում է հետևյալը.

«Միաժամանակ, հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի Հանրապատության շուրջ անվտանգային միջավայրի կտրուկ փոփոխությունները՝ Ազգային անվտանգության ռազմավարությունն այլևս արդիական չէ, որով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է ռազմավարությունների վերանայման աշխատանքներ, և անվտանգային ընթացիկ քաղաքականությունները վարվում են՝ հիմնվելով ստեղծված իրավիճակի և նոր մարտահրավերների համապարփակ վերլուծության վրա»:

Պատկերավոր ասած՝ 2007-ի ԱԱՌ-ն ծակ կոշիկ է, որը ո՛չ հագնում ենք ու դուրս գալիս տանից, ո՛չ էլ աղբարկղն ենք նետում, որ կոշիկի դարակը դատարկ չմնա։

Օրինակ՝ մայիսին Երևանում եվրոպական քաղաքական համանքի գագաթաժողովն է։ Սպասվում են լուրջ հյուրեր զարգացած երկրներից։ Գալու են ի՞նչ տեսնեն։ ՀՀ-ն ԵՄ-ին միանալու մասին օրենք է ընդունել, սառեցրել է ՀԱՊԿ անդամությունը, ԱՄՆ-ի հետ ԹՐԻՓՓ է ստորագրել, ԵՄ դիտորդին սահմանին կանգնեցրել, Բաքվի հետ խաղաղություն է նախաստորագրել, բայց այս ամենը ԱԱՌ-ում ամփոփված չե՞ն։ Բա չեն ասի՝ 2007-ի ժամանակավրեպ ռազմավարությամբ ո՞ւր եք գնում, հայեր ջան։

Եթե ՔՊ-ակաները կարողացել են նախընտրական ծրագիր կազմել, ապա ինչո՞ւ նաև ԱԱՌ նախագիծ չեն կազմել։ Ինչո՞ւ չեն ստեղծում հիմնարար փաստաթուղթ, որ մարդիկ տեսնեն, թե անվտանգային ինչ ամփոփ պատկերացումներ ունի ընտրվելու մեծ հույսեր ունեցողն այսօր։ Շարունակելո՞ւ է սպասարկել բացառապես ռուսական շահերը ինչպես 2018-2022-ին, թե՞ կանգնելու է անկախության դիրքերում։

Ի վերջո՝ հիշենք, որ 2007-ին Հայաստանը ռուսամետ կուրս էր վարում։ Իսկ 2020-ին Փաշինյանն, իր իսկ խոստովանությամբ՝ ֆորպոստի վարչապետ էր, այսինքն՝ վառ ռուսամետ կուրս էր վարում։ Նրա խոսքով՝ 2020-ին ունեցել ենք անվտանգության երաշխավոր՝ ի դեմս ՀԱՊԿ-ի, իսկ հիմա ասում է՝ չունենք։ Եթե չունենք, ապա ինչո՞ւ ՀՀ-ն դուրս չի գալիս։ Եթե հունիսի 7-ին Մոսկվայի կողմից միջամտության ռեալ սպառնալիք կա, որի դեմն առնելու համար ԵՄ-ից միլիոններ են ստանում, ապա ինչո՞ւ Փաշինյանն այս ամենի մասին պարզ չի գրում իր ԱԱՌ նախագծում, այլ շարունակում է վտանգավոր խաղեր տալ՝ ամեն ամիս վազելով Մոսկվա։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *