Հայաստանը սկսում է ԱՄՆ-ի հետ «ԹՐԻՓՓ» (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Կառավարության այսօրվա որոշմամբ նախագիծը սահմանված կարգով կուղարկվի Սահմանադրական դատարան (ՍԴ)։
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ ՍԴ-ի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո փաստաթուղթը կփոխանցվի Ազգային ժողովի վավերացմանը։
Ո՞րն է նախագծի նպատակը
Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների և տարածաշրջանային առևտրի զարգացման ճանապարհով նպաստել ու ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունը:
Ինչպե՞ս են բաշխվելու իրավունքներն ու բաժնեմասերը.
-
Հողօգտագործման իրավունք. «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերությունը նշված գոտիներում կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք, որը կգործի նախնական 49 տարի ժամկետով։
-
Բաժնեմասերի նախնական բաշխում. Այս փուլում բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ՝ 74%, Հայաստան՝ 26%։
-
Երկարաձգման հնարավորություն. 49 տարին լրանալուց հետո, կողմերի համաձայնությամբ, ժամկետը կարող է երկարաձգվել ևս 50 տարով։ Այս դեպքում Հայաստանի բաժնեմասը կավելանա՝ կազմելով ընկերության 49%-ը։
Ինքնիշխանության երաշխիքները
ԱԳ նախարարը հատուկ ընդգծել է, որ այս նախագծի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, ինչպես նաև ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ։
«Շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և՛ օգոստոսի 8-ի, և՛ հունվարի 13-ի փաստաթղթերին: ԹՐԻՓՓ-ի հիմնադրման գործընթացն ամբողջությամբ ավարտելու համար առջևում ունենք ևս երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և ընկերության կանոնադրությունը, որոնց վրա այժմ աշխատում ենք»,- նշել է Արարատ Միրզոյանը։