«Ռոսատոմ»-ը գործարկել է Ռուսաստանի ամենախոշոր հողմային էլեկտրակայանը

«Ռոսատոմ»-ը շահագործման է հանձնել Դաղստանում գտնվող Նովոլակի հողմային էլեկտրակայանը, որը դարձել է Ռուսաստանում գործող ամենամեծ հողմային պարկը։ Պետական կորպորացիայի հաղորդմամբ՝ կայանի երկրորդ հերթի՝ 147,5 ՄՎտ հզորությամբ հատվածի գործարկումից հետո ընդհանուր հզորությունը հասել է 300 ՄՎտ-ի։

«Մեզ համար սա պարզապես հերթական կայանը չէ։ Սա «Ռոսատոմ»-ի ներկայության նոր տարածաշրջանն է Ռուսաստանի քարտեզի վրա և երկրի ամենախոշոր հողմային պարկը։ Այս նախագծի բոլոր հիմնական բաղադրիչներն արդեն արտադրվել են «Ռոսատոմ»-ի շրջանակում։ Սա մեր առաջին նախագիծն է՝ տեղայնացման այսպիսի բարձր մակարդակով», — նշել է «Ռոսատոմ Վերականգնվող էներգիա» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգորի Նազարովը։

Կայանի տարեկան նախագծային արտադրությունը կկազմի շուրջ 900 մլն կՎտ/ժ, ինչը կազմում է Դաղստանի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության գրեթե մեկ վեցերորդը։ Հողմային պարկը կկարողանա էլեկտրաէներգիա ապահովել ավելի քան 240 հազար տնային տնտեսության։

Կումտորկալինսկի և Նովոլակի շրջաններում տեղադրվել է 120 հողմային տուրբին, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 2,5 ՄՎտ է։ Նախագծում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 50 մլրդ ռուբլին։

Կայանի առաջին հերթը՝ 152,5 ՄՎտ հզորությամբ, շահագործման էր հանձնվել 2025 թվականի դեկտեմբերին, իսկ շինարարությունը մեկնարկել էր 2024 թվականի նոյեմբերին։

«Ռոսատոմ Վերականգնվող էներգիա»-ն պետական կորպորացիայի ստորաբաժանումն է, որը պատասխանատու է Ռուսաստանում հողմաէներգետիկայի զարգացման համար։ Ընկերության նախագծային պորտֆելը գերազանցում է 2 ԳՎտ հողմային հզորությունը, որոնցից 1 ԳՎտ-ն արդեն շահագործման է հանձնվել։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Էներգետիկայի հարցերով Պետական խորհրդի հանձնաժողովի նիստում հայտարարվել էր, որ 2026-2031 թվականներին Ռուսաստանում նախատեսվում է շահագործման հանձնել արևային և հողմային էլեկտրակայաններ՝ ընդհանուր 5,8 ԳՎտ հզորությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *