Մեծ Բրիտանիայի բնակիչների ընդամենը 6%-ն է պատրաստ կամավոր անդամագրվել զինված ուժերի շարքերին այն դեպքում, եթե երկիրը ենթարկվի մասշտաբային հարձակման: Դրա մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով YouGov սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցմանը:
Եվս 14% բրիտանացիներ պատրաստ են զենք վերցնել, եթե իրենց զորակոչեն: Հարցվածների 17%-ը հայտարարել է, որ ցանկացած դեպքում կհրաժարվի կռվել: Բացի դրանից, հարցվածների 52%-ը պատասխանել է, որ վատ առողջության կամ տարիքի պատճառով ենթակա չէ զինված ուժերում զորակոչվելուն: Հարցման մասնակիցներից 17%-ն էլ չի կողմնորոշվել պատասխանի հարցում:
Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ բրիտանացիների ավելի քան կեսը (51%) չի հավատում առաջիկա տասնամյակում թագավորության վրա մասշտաբային հարձակման հավանականությանը: Ընդամենը 29%-ն է նման հարձակումը հավանական համարել, իսկ հարցվածների 20%-ը չի կողմնորոշվել:
Բացի դրանից, հարցվածների 53%-ը հայտարարել է, որ վստահություն չի տածում երկրի զինված ուժերի նկատմամբ: Հակառակի մասին հայտնել է 38%-ը: Իրենց դիրքորոշման հարցում չկողմնորոշվածների թիվը կազմել է 9%:
Միաժամանակ հարցվածների 57%-ը պաշտպանության վրա բրիտանական կառավարության ծախսերը համարել է անբավարար: Հարցման մասնակիցների շուրջ 17%-ը ռազմական ծախսերի ընթացիկ մակարդակն անվանել է համարժեք: Հարցվածների 6%-ն էլ ընթացիկ ծախսերը չափազանց բարձրացված է համարել: Մնացած հարցվածները չեն կարողացել հստակ պատասխան տալ: Հարցվածների ավելի քան կեսը դեմ է արտահայտվել հարկերի բարձրացման կամ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին ռազմական բյուջեի ավելացմանը:
Որպես գլխավոր սպառնալիք Մեծ Բրիտանիայի բնակիչները նշել են կլիմայի փոփոխությունը: Հետազոտությանը ընդհանուր առմամբ մասնակցել է 2300 մարդ: