Կանադայում բռնկված անտառային հրդեհների տարածքը գերազանցել է 66 հազար հեկտարը․ CBC

Բրիտանական Կոլումբիա նահանգի հրշեջներին չի հաջողվել մեկուսացնել անտառային հրդեհի երկու աղբյուրները, ինչի հետևանքով դրանք միաձուլվել են՝ վերածվելով մեկ հսկայական աղետի։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։

Նահանգի հրդեհային ծառայության տվյալներով՝ Թոմփսոն-Նիկոլ շրջանում մոլեգնող հրդեհի ընդհանուր մակերեսն արդեն անցնում է 66 հազար հեկտարից։ Չոր և շոգ եղանակը խիստ դժվարացնում է հրշեջների աշխատանքը։ Տարածքից տարհանվել են հարյուրավոր բնակիչներ։ Այրվել է առնվազն 20 բնակելի տուն և այլ շինություն․ տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։

Բրիտանական Կոլումբիայի իշխանությունները հայտնել են, որ այս պահին տարածաշրջանում հրդեհի 145 ակտիվ օջախ կա։ Դրանց մարման աշխատանքներում ներգրավված են մոտ 1000 փրկարար և հարյուրավոր միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 162 ինքնաթիռ ու ուղղաթիռ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *