Նորածինների հանդեպ MAGA-ի սարսափելի մոլուցքը չի լուծի ժողովրդագրական ճգնաժամը․ Financial Times

Անցյալ շաբաթ Սպիտակ տանը գրանցված «մեծ բեբի-բումը» ևս մեկ մանուկ է պարգևել աշխարհին․ լույս աշխարհ է եկել Ալեք Նիլ Վենսը՝ 1870 թվականին փոքրիկ Սքայլեր Քոլֆաքս III-ի ծննդից ի վեր ԱՄՆ գործող փոխնախագահի ընտանիքում ծնված առաջին երեխան, Financial Times-ի իր սյունակում գրում է Ջեմայմա Քելին։

Եթե Ալեք Նիլը չի հղացվել աստվածային նախախնամության արդյունքում, ապա հաստատ դարձել է վերևից եկած ինչ-որ պրոնատալիստական (ծնելիության խթանման) ազդակի պտուղ։ Համենայն դեպս, այդպես է պնդում ինքը՝ Ջեյ Դի Վենսը, իր նոր «Հաղորդություն» գրքում (որի գրախոսականները, ի դեպ, արդեն հրապարակվել են, և դրանք, մեղմ ասած, փայլուն չեն)։

Փոխնախագահը պարզաբանում է․ չնայած նրան, որ իր կինը՝ Ուշան, երրորդ երեխայից հետո հայտարարել էր, թե իրեն «հերիք է», նրա կարծիքը կտրուկ փոխվել է իրենց ընկերոջ՝ Չարլի Քիրքի սպանությունից հետո։ Քիրքի այրին՝ Էրիկան, այն ժամանակ խոստովանել էր, որ զղջում է, որ նրանից ավելի շատ երեխաներ չի ունեցել։

«Ինչ-որ բան փոխվեց Ուշայի մեջ, և իմ ընկերոջը հուղարկավորելուց կարճ ժամանակ անց նա հղիացավ մեր չորրորդ երեխայով՝ տղայով», — գրում է Վենսը։ (Եթե սա ձեզ առավելագույնս ոչ սեքսուալ է թվում, հնարավոր է՝ դուք պարզապես չեք տեսել այն քիմիան, որը զույգը ցուցադրեց «Հեքիաթներ երկրորդ տիկնոջ հետ» շոուում համատեղ հայտնվելու ընթացքում)։

Սա Վենսի գրքում երեխաներ ունենալու թեմայի միակ հիշատակումը չէ։ Իրականում մանուկներն այնտեղ հիշատակվում են 33 անգամ, ինչը չնչին չափով է զիջում Դոնալդ Թրամփի 40 հիշատակումներին։ Ըստ ամենայնի, «Հաղորդությունը» գրվել է ոչ այնքան ենթախորագրում խոստացված հավատքին վերադառնալու ճանապարհի, որքան Ամերիկայի բնակիչների՝ ակտիվորեն բազմանալու հրատապ անհրաժեշտության մասին։ (Ուղղակի դա, բնականաբար, չի վերաբերում բոլոր նորեկներին․ Ուշան, բարեբախտաբար, երկրորդ սերնդի ներգաղթյալ է)։

Վենսը MAGA տիեզերքի վերնախավի միակ ներկայացուցիչը չէ, ով սերունդ տալու սուր պարտավորություն է զգացել Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում․ մի մարդու, ով իրեն հռչակել է «բեղմնավորման նախագահ» և «ֆերտիլության հայր»։ Մայիսին մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը ծննդաբերել է իր երկրորդ երեխային։ Հունիսին Թրամփի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ և նրա հականերգաղթային օրակարգի գլխավոր ճարտարապետ Ստիվեն Միլերը կնոջ՝ Քեյթիի հետ չորրորդ երեխան են ունեցել (երեխաները վեց տարեկանից փոքր են)։

Եվ, ճիշտն ասած, փառք Աստծո։ Չէ՞ որ, ինչպես գիտենք, ամերիկյան յուրաքանչյուր երրորդ ընտանիք «թերստանում է մանուկներ»։ Ո՛չ, խոսքն այն մասին չէ, որ նրանց բավարար չափով չեն գրկում կամ երես տալիս (թեև դա նույնպես)․ ես այս տերմինն օգտագործում եմ այն իմաստով, որը ամեն կերպ փորձում է շրջանառության մեջ մցնել Medicare և Medicaid ծրագրերի կենտրոնների ադմինիստրատոր Մեհմեթ «Դոկտոր» Օզը՝ նկատի ունենալով, որ ընտանիքները ծնում են ավելի քիչ երեխա, քան կցանկանային, կամ ընդհանրապես չեն ծնում։

Մինչդեռ Մայրերի օրվան նվիրված նույն միջոցառմանը, որտեղ դոկտոր Օզը հերթական անգամ օգտագործեց այդ արտահայտությունը, բարձրախոսին մոտեցավ առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ․ Քենեդի կրտսերը և նորից սկսեց դժգոհել դեռահասների մոտ սպերմատոզոիդների քանակի նվազումից։ Թրամփի մյուս զինակիցները թեքվում են դեպի նույն տարօրինակ տարածքը․ Քեյթի Միլերը բազմիցս հանրայնորեն արտահայտվել է դեռահասների հղիությունների մակարդակի անկման պատճառով։

Այս ամենը բավականին սարսափելի և անհարիր տեսք ունի։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում, թե այս մոլեռանդներն իրոք կարևոր թեմա չեն շոշափում։ Ժողովրդագրական ճգնաժամն իսկապես գոյություն ունի՝ ոչ միայն Ամերիկայում, այլև ողջ աշխարհում, և մենք բոլորս պետք է մտածենք այն մասին, թե ինչ անել դրա հետ։ Բայց այն պատճառով, որ թեման չափազանց քաղաքականացվել է և վերածվել ամերիկյան աջերի սևեռուն գաղափարի (idée fixe), հակառակ ճամբարը կարծես հրաժարվում է ճանաչել խնդիրն ավելին, քան զուտ տնտեսական հարց։

«Թեև ԱՄՆ-ում ծնելիությունն իսկապես կտրուկ ընկել է վերջին երկու տասնամյակների ընթացքում, դա տեղի չի ունենում ցանկության բացակայության պատճառով, — հայտարարում էր Բնակչության տվյալների վերահսկողության բյուրոն՝ ի պատասխան Օզի մայիսյան մեկնաբանությունների։ — Մարդիկ չեն հրաժարվում ծնող դառնալուց, պարզապես դրա համար պայմաններն ավելի ու ավելի են ծանրանում»։

Ես բազմաթիվ նմանատիպ պնդումներ եմ տեսել ձախերի կողմից։ Բայց նրանք չեն ցանկանում նայել ճշմարտության աչքերին։ Թեև ֆինանսական տագնապները կարող են դեր խաղալ երեխաներ չունենալու որոշման մեջ, դրանք գլխավոր պատճառը չեն։ Ի վերջո, աշխարհում ծնելիության ամենացածր մակարդակն ունեցող երկրները (օրինակ՝ Հարավային Կորեան) միաժամանակ մտնում են երեխաների դաստիարակության համար ամենամատչելի և հարմարավետ վայրերի թվի մեջ։

Pew սոցիոլոգիական կենտրոնի 2024 թվականի հարցման համաձայն՝ մինչև 50 տարեկան այն ամերիկացիները, որոնք երեխաներ չունեն և հազիվ թե ունենան, որպես գլխավոր պատճառ նշում են պարզապես «չցանկանալը»։ Երկրորդ տեղում «այլ բաների վրա կենտրոնանալու» ցանկությունն է, իսկ երրորդում՝ աշխարհի ապագայի հանդեպ անհանգստությունը։

Փաստն այն է, որ շատ կանայք այլևս չեն գտնում, թե մայրության հետ անխուսափելիորեն կապված մասնագիտական, սոցիալական, անձնական ու ֆիզիկական զոհողություններն արդարացված են։ Եվ այս իրականությունից աչք փակելու փոխարեն՝ պետք է առերեսվել դրան՝ իրական լուծումներ գտնելու համար։ Իսկ ծնելիության հարցը կուսակցական կռիվների թեմա դարձնելը կարող է հանգեցնել ճիշտ հակառակ արդյունքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *