Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ՝ իրանական նավին առնչվող միջադեպից հետո։ Նրա խոսքով՝ Կիևը շահագրգռված է հետագա լարվածության սրացման կանխմամբ և բացատրել է Ուկրաինայի դիրքորոշումը։
«Դիվանագիտությունը ուղիղ երկխոսություն է, նույնիսկ երբ այն բարդ է։ Ես ընդգծեցի, որ մեր նպատակն անհարկի լարվածության սրացումից խուսափելն է»,- գրել է Սիբիգան X սոցիալական ցանցում։
I called Iran’s Foreign Minister @araghchi for a frank conversation. Diplomacy is about direct conversation, even when it’s difficult. I stressed that our goal is to avoid unnecessary escalation.I reiterated that all of Ukraine’s actions are aimed solely at defending our…
— Andrii Sybiha 🇺🇦 (@andrii_sybiha) July 28, 2026
Ուկրաինացի նախարարը հայտարարել է, որ Կիևի գործողություններն ուղղված են բացառապես երկրի պաշտպանությանը ռուսական ագրեսիայից և «երբեք նպատակաուղղված չեն եղել քաղաքացիական նավերի կամ մարդկանց դեմ»։
Մեկնաբանելով Իրանի հայտարարությունները իր քաղաքացու զոհվելու և քաղաքացիական նավի վնասման մասին՝ Սիբիգան նշել է, որ Ուկրաինան չի ձգտում հակամարտության Թեհրանի հետ, իսկ նրա նպատակը մնում է Ռուսաստանին հակազդելը։ Նրա խոսքով՝ հենց Մոսկվան է պատասխանատվություն կրում պատերազմի հետ կապված «բոլոր սադրանքների և զոհերի» համար։
Սիբիգան միաժամանակ Իրանին կոչ է արել զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է ուժեղացնել լարվածությունը, և դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին ցուցաբերած աջակցությունը։
«Եվրոպան և Մերձավոր Արևելքն արժանի են կայունության, անվտանգության և խաղաղության»,- ընդգծել է ուկրաինական ԱԳՆ ղեկավարը։