Ցուկերբերգը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ում չինական ԱԲ մոդելների արգելքին

«Meta» կորպորացիայի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը «Financial Times»-ին (FT) տված հարցազրույցում տեսակետ է հայտնել, որ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում առաջատար դիրքեր գրավելու համար ԱՄՆ իշխանությունները չպետք է արգելափակեն չինական մոդելները։

Նրա գնահատմամբ՝ չինական առաջադեմ ԱԲ տեխնոլոգիաների արգելումը ամերիկյան ընկերությունների մրցունակությունը բարձրացնելու «արդյունավետ միջոց» չէ։ Ցուկերբերգի այս հայտարարությունը հնչել է ԱԲ կարգավորման շուրջ ծավալված քննարկումների և պեկինյան «Moonshot AI» ստարտափի կողմից «Kimi 3» նոր մոդելի թողարկման ֆոնին, որն իր հնարավորություններով արդեն մոտենում է «OpenAI»-ի և «Anthropic»-ի փակ ծրագրային մշակումներին։

Պարբերականը փաստում է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Թրամփի վարչակազմը ծրագրում է ազդարարել նեյրոցանցեր մշակողների համար նախատեսված կամավոր հարթակի մեկնարկի մասին․ այն հնարավորություն կտա թեստավորել մոդելները նախքան վերջնական թողարկումը։ Ցուկերբերգի խոսքով՝ նման ստուգումներն ու փորձագիտական գնահատումները կարող են օգտակար լինել ոլորտի համար, եթե իրականացվեն «մասնագետների կողմից»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ոլորտի հսկաները կարող են փորձել ազդել օրենսդրական կարգավորումների վրա՝ սեփական շահերն առաջ տանելու նպատակով։

Նախորդ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չէր բացառել ԱԲ ոլորտի չինական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառումը, եթե վերջիններս դիստիլացիայի մեթոդով լայնամասշտաբ գրոհներ իրականացնեն նրանց դեմ։ Իսկ հունիսի վերջին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լրագրող Մայքլ Նոուլզի հետ զրույցում խոստովանել էր, որ Չինաստանը շրջանցում է ԱՄՆ-ին ԱԲ ոլորտում՝ տվյալների-կենտրոնների համար անհրաժեշտ էներգետիկ ենթակառուցվածքներն ավելի ակտիվ զարգացնելու շնորհիվ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *