Տուլայի մարզի Քննչական կոմիտեի վարչության հաղորդմամբ՝ Տուլայում անհայտ անձը մահափորձ է կատարել տեղացի գործարարի նկատմամբ։ «2026 թվականի հուլիսի 29-ին Միխեև փողոցի բազմաբնակարան շենքի մուտքում անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուլացի գործարարի ուղղությամբ։ Տուժածը հոսպիտալացվել է», — նշված է գերատեսչության հաղորդագրությունում։ Քննչական կոմիտեն սպանության փորձի փաստով քրեական գործ է հարուցել և նշել, որ քննիչները պարզում են հանցագործությանը մասնակից անձանց շրջանակը:
Mash-ի և «112»-ի տվյալներով՝ տուժածը Անդրեյ Չերեզովն է՝ անօդաչու թռչող սարքերի մշակմամբ զբաղվող «Ռուսական օդային տրանսպորտի լաբորատորիա» (РЛВТ) ընկերության ղեկավարը։ Ինչպես հաղորդում է Mash-ը, մարդասպանը գիշերը դարանել էր Չերեզովի տան մուտքում և աստիճանահարթակին երեք անգամ կրակել նրա վրա։ Կրակոցների ձայները լսել է ձեռնարկատիրոջ կինը։ Նա բացել է դուռը, տեսել վիրավոր ամուսնուն և շտապօգնություն կանչել։ Հրաձգությունն իրականացրած անձին մինչ այդ հաջողվել է թաքնվել։ «112»-ի փոխանցմամբ՝ վարկածներից մեկի համաձայն՝ մահափորձը կապված է Չերեզովի մասնագիտական գործունեության հետ: Իրավապահ մարմինները զբաղվում են հանցագործի որոնմամբ:
Ինչպես գրում է Mash-ը, «ՌՎԼՏ» ընկերությունը գրանցվել է 2022 թվականին՝ բնական և տեխնիկական գիտությունների ոլորտում գիտական հետազոտությունների և մշակումների համար։ Սակայն վերջերս այն պայմանագրեր է ստացել Վորոնեժի պետական տեխնիկական համալսարանին անօդաչու թռչող սարքերի համակարգեր մատակարարելու համար՝ գիտական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ընկերությունը հաղթել է երկու աճուրդում, և պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 29,7 միլիոն ռուբլի։ Պայմանագրերի պայմանների համաձայն՝ «ՌՎԼՏ»-ն պետք է պատվիրատուին ապահովի մուլտիռոտացիոն տիպի ԱԹՍ-ների 337 կոնստրուկտորներով և կառավարման 17 հավաքածուով։