Չնայած այն հանգամանքին, որ աշխարհում անորոշությունը շարունակում է մեծ տեմպերով աճել, տարբեր երկրների պետական և մասնավոր ընկերությունները շարունակ փնտրում են ներդումներ իրականացնելու հնարավորինս օպտիմալ ճանապարհներ։
Այս համատեքստում մի շարք խոշոր ներդումային նախագծերին կարելի է ծանոթանալ ստորև․
Ղազախստանի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի կողմից ներկայացվող «Ներդրումային զարկերակ, հունիս 2026 (Investment Pulse, June 2026)» զեկույցի համաձայն՝ չինական տեխնոլոգիական ընկերությունը՝ ByteDance, որը տիրապետում է TikTok հարթակին, բանակցում է միջազգային բանկերի հետ՝ մոտ $20 մլրդ վարկ ներգրավելու համար։ Եթե գործարքը հաջողությամբ ավարտվի, այն կարող է դառնալ ընկերության պատմության ամենամեծ արտասահմանյան վարկը։
Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմանը՝ տվյալների կենտրոնների կառուցում, հաշվարկային սարքավորումների գնում և ԱԲ նախագծերի ընդլայնում։
Սա արտացոլում է ByteDance-ի ձգտումը՝ ամրապնդել դիրքերը գլոբալ ԱԲ մրցակցությունում։
Amazon-ը հայտարարել է, որ մինչև 2030թ․ լրացուցիչ $13 մլրդ է ներդնելու Հնդկաստանում ԱԲ և ամպային ծառայությունների ենթակառուցվածքների ընդլայնման համար։ Միջոցները կուղղվեն Մումբայում և Հայդարաբադում Amazon Web Services տվյալների կենտրոնների հզորությունների մեծացմանը, ինչպես նաև ծառայությունների զարգացմանը ստարտափների, բիզնեսի և պետական կառույցների համար։
Նոր ներդրումները կբարձրացնեն Amazon-ի ընդհանուր ներդրումները Հնդկաստանում մինչև $48 մլրդ։ Սա վկայում է Հնդկաստանի շուկայում խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների աճող մրցակցության մասին։
Աշխատանքի տեղավորվելն ավելի բարդ է դարձել ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Գերմանական Volkswagen ընկերությունը համաձայնագիր է կնքել՝ վաճառելու Everllence ընկերության (նախկինում MAN Energy Solutions) 51% բաժնետոմսերը Bain Capital ներդրումային ֆոնդին։
Everllence-ը մասնագիտանում է նավային շարժիչների, տուրբոմեքենաների և դեկարբոնիզացիայի լուծումների արտադրության մեջ։ Գործարքը Volkswagen-ին կբերի մոտ $8․4 մլրդ, իսկ կոնցեռնը կպահպանի 49% բաժնետոմսերը։
Միջոցները կուղղվեն ֆինանսական դիրքերի ամրապնդմանը և բիզնեսի վերափոխմանը՝ էլեկտրոմոբիլների և թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Everllence-ի համար նոր ներդրողը հնարավորություն կտա ընդլայնել բիզնեսը էներգետիկայի, նավագնացության և տվյալների կենտրոնների ոլորտներում։
ԱՄՆ կառավարության աջակցությամբ Orion Critical Mineral Consortium (Orion CMC) ընկերությունը քննարկում է մինչև $20 մլրդ ներդրումային պորտֆելի ձևավորման շուրջ՝ ուղղված կարևոր հանքանյութերի արդյունահանման նախագծերին։
Հնարավոր ուղղություններում դիտարկվում են Ղազախստանի և Ուզբեկստանի պղնձի, լիթիումի, հազվագյուտ մետաղների և այլ ռազմավարական հանքանյութերի արդյունահանման ծրագրերը։
Նպատակն է զարգացնել մատակարարման շղթաները և ներգրավել երկարաժամկետ ներդրումներ Կենտրոնական Ասիայում։
Գնաճի ընդհանուր պատկերը հունվար-մայիսին` ըստ սպառման ապրանքախմբերի և ծառայությունների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Փորձագետների գնահատմամբ, Կենտրոնական Ասիայում իսլամական սուկուկ պարտատոմսերի շուկան մինչև 2033 թ․ կարող է հասնել $5․6 մլրդ։
Աճը պայմանավորված է իսլամական ֆինանսական համակարգի նկատմամբ հետաքրքրության աճով, կապիտալի ներգրավման այլընտրանքային գործիքների զարգացմամբ և տարածաշրջանային երկրների ենթակառուցվածքային ու արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման պահանջով։
Սուկուկի (իսլամական պարտատոմսերի) զարգացումը կարող է դառնալ երկարաժամկետ ներդրումների լրացուցիչ աղբյուր Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի համար։
Նիդեռլանդական Damen Shipyards Group ընկերությունը նախատեսում է մոտ $114 մլն ներդնել Կասպից ծովի ղազախական հատվածում նավաշինական գործարանի կառուցման նպատակով։
Նախնական համաձայնագիրը ստորագրվել է Մանգիստաուի մարզի և ընկերության միջև «Ղազախստան – ԵՄ» կլոր սեղանի շրջանակում Բրյուսելում։
Նախագիծը նախատեսում է ժամանակակից արտադրական հարթակի ստեղծում, նոր տեխնոլոգիաների ներդրում և որակյալ աշխատատեղերի ձևավորում։ Սա կբարձրացնի Մանգիստաուի մարզի արդյունաբերական ներուժը, կզարգացնի տրանսպորտային հնարավորությունները և կուժեղացնի Կասպից ծովի երկրների միջև համագործակցությունը։
ՀՀ-ում արժույթի փոխանակման կետերի թվաքանակն աճել է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) գնահատմամբ, Կենտրոնական Ասիայի երկրներին մինչև 2030 թ․ անհրաժեշտ կլինի մինչև $250 մլրդ ներդրումներ՝ առաջնահերթ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։
Հիմնական ֆինանսավորումը կպահանջվի էներգետիկայի, տրանսպորտի և ջրային տնտեսության զարգացման համար։ ԵԶԲ-ն նշում է, որ այս նախագծերի իրականացումը կուժեղացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը, կբարձրացնի ներդրումային գրավչությունը և կապահովի կայուն տնտեսական աճ։