Արա Նախշքարյանին ձերբակալելուց առաջ ձերբակալել են 21-ամյա ուսանողուհու

Առավոտյան գրել էինք, որ ​Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ենթադրյալ կաշառք տալու և ստանալու քրեական գործի շրջանակում իրավապահները ձերբակալել են ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից և «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանին։ ​

Տեղեկացանք, որ նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 21-ամյա ուսանողուհի Մ․Մ․-ն։

ՀՅԴ Շիրակի մարզային կառույցից հայտնում են, որ ուսանողուհուն ձերբակալել են ավելի վաղ՝ նախքան Արա Նախշքարյանի բնակարան խուզարկության գնալը։ Հատկանշական է, որ Նախշքարյանն անձամբ անգամ ճանաչած չի եղել աղջկան։ Ըստ շրջանառվող լուրերի՝ 21-ամյա ուսանողուհին, մասնակցելով ԿԸՀ-ի դասընթացներին, բարձր միավորներ է հավաքել և ցանկացել ընդգրկվել ընտրական գործընթացում։

Ընդդիմադիր դաշտում վստահ են, որ գործ ունենք ընդդիմադիր գործիչների և նրանց աջակիցների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող թիրախավորված ճնշումների հետ։ ​Նմանատիպ ձերբակալությունները, հատկապես երբ դրանցում ներքաշվում են անգամ քաղաքականապես չեզոք ուսանողներ, ովքեր զուտ մասնագիտական կամ քաղաքացիական աշխատանք են փնտրել , ավելի շատ նմանվում են ընդդիմադիր դաշտում վախի մթնոլորտ ձևավորելու փորձերի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *