BMW-ն նախատեսում է Գերմանիայում կրճատել մինչև 8 հազար աշխատատեղ՝ գործարկելով աշխատակիցների կամավոր ազատման ծրագիր, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին։
Ծրագիրը համաձայնեցվել է աշխատակիցների խորհրդի հետ և կանդրադառնա վարչական ստորաբաժանումներին ու մշակումների բաժիններին։ Արտադրական հարթակները կրճատումների չեն ենթարկվի։ BMW-ի աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է մոտ 160 հազար մարդ։
Ընկերությունում որոշումը բացատրել են ավտոմոբիլային ոլորտում մասշտաբային փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտությամբ։ Առանցքային գործոնների թվում նշվել են տեխնոլոգիական ձևափոխումը, աշխարհաքաղաքական անկայունությունը, շուկայական կոնյունկտուրայի փոփոխությունը և չինական շուկայում մրցակցության ուժեղացումը։
Վերջին տարիներին եվրոպական ավտոարտադրողներն աճող ճնշում են զգում չինական ընկերությունների կողմից, որոնք առաջատար դիրքեր են գրավել էլեկտրամոբիլների հատվածում և գնային պատերազմ են ծավալել Չինաստանի ներքին շուկայում։
Լրացուցիչ ճնշում են գործադրում էլեկտրամոբիլների թողարկմանն անցնելու համար ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը և ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը։
BMW-ն միակ գերմանական ավտոկոնցեռնը չէ, որը հայտարարել է մասշտաբային օպտիմալացման մասին։ Ավելի վաղ Volkswagen-ը հայտնել էր մինչև 100 հազար աշխատակցի կրճատելու, չորս գործարան փակելու և մոդելային շարքը կրճատելու ծրագրերի մասին։
Միաժամանակ Porsche-ն վերակառուցում է իրականացնում, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2035 թվականն աշխատանքից ազատել 9 հազար աշխատակցի, ինչը կազմում է ընկերության անձնակազմի մոտ մեկ հինգերորդը։ Չնայած շահույթի աճին, 2026 թվականի առաջին կիսամյակում Porsche-ի վաճառքները Չինաստանում նվազել են 30%-ով։
Դժվարություններ է կրում նաև սպորտային ավտոմեքենաների բրիտանական արտադրող Aston Martin-ը, որը հայտնել է 2026 թվականի առաջին կեսին վնասների ավելացման մասին՝ չնայած հասույթի աճին և վաճառքների ծավալի բարելավմանը։