Ռուսաստանի հերթական զանգվածային հարվածից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան գործընկերներին կոչ է արել արագացնել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների տրամադրումը և ահազանգել բալիստիկ հարվածներից պաշտպանվելու համար կալանիչ-հրթիռների սուր պակասի մասին։ «Ռուսական հրթիռային սպառնալիքից պաշտպանությունը մեր ժողովրդի կյանքը փրկելու ամենակարևոր խնդիրն է։ Բոլոր գործընկերները գիտեն՝ ինչով և ինչպես կարող են օգնել։ Օգնության ուշացումը, հակաբալիստիկ հրթիռների մատակարարման հապաղումները հենց այն պատճառն են, որ բերում են նման ավերածությունների ու զոհերի», — իր Telegram ալիքում հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ հուլիսի 30-ի գիշերը հարվածների տակ են հայտնվել Կիևն ու Կիևի մարզը, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի, Լվովի, Պոլտավայի, Խարկովի, Նիկոլաևի, Սումիի, Վիննիցայի, Չերկասիի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերը։ Վնասվել են տասնյակ բնակելի տներ, ձեռնարկություններ և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Լվովում տուժածների թիվը հասել է 30-ի․ վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք, մեկ դպրոց և երկու մանկապարտեզ։ Կիևի մարզում տուժել է հինգ մարդ։ Պոլտավայի մարզում մեկ մարդ է զոհվել, հրդեհ է բռնկվել նաև «Նովայա պոչտա»-ի պահեստային տարածքներում։ Կրիվոյ Ռոգի արվարձանում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել։
Նախագահը հայտնել է, որ հարձակման ընթացքում Ռուսաստանը կիրառել է ավելի քան 70 հրթիռ և 280-ից ավելի հարվածային ԱԹՍ։ Նրա խոսքով՝ ուկրաինական ՀՕՊ ուժերին հաջողվել է ոչնչացնել ավելի քան 260 անօդաչու թռչող սարք և կալանել թևավոր հրթիռների մի մասը։ Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականները «պարզապես անիրական բաներ են անում» հրթիռների և ՀՕՊ-ի դեֆիցիտի պայմաններում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային հարվածի ընթացքում խոցվել են ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։ Գերատեսչության տվյալներով՝ թիրախում են հայտնվել անօդաչու սարքերի մասեր արտադրող Կիևի «Մայակ» և «Էլեկտրատեխնիկական» գործարանները, Լվովում հրթիռների նորոգմամբ ու սպասարկմամբ զբաղվող «ԼԴԱՐԶ» և «ԼՈՐՏԱ» ձեռնարկությունները, ինչպես նաև Իվանո-Ֆրանկովսկի մարզում գտնվող «ՍԿԲ ՕՎՏ» ու «Նեֆտեմաշ» ընկերությունները, Ռովնոյի մարզում գտնվող «Ռովնոազոտ»-ը և Դնեպրոպետրովսկի մարզի «Ակվապլաստ»-ը։ «Բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են», — հայտարարել են ՌԴ ՊՆ-ում։
Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին, Զելենսկին հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և խնդրել տրամադրել «ձմեռային փաթեթ»՝ Patriot համակարգերի համար նախատեսված 300 կալանիչ-հրթիռներով, ինչպես նաև Թրամփի հետ քննարկել էր Patriot հրթիռների արտադրության արտոնագիր ստանալու հարցը։