Ռուսաստանի իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել բենզինի, դիզելային վառելիքի և մի շարք այլ նավթամթերքների արտահանման վրա, գրում է «Коммерсантъ»-ը:
Սահմանափակումները կսկսեն գործել օգոստոսի 1-ից և կտևեն մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։
Միաժամանակ, սեպտեմբերի 1-ից արգելքի գործողությունից դուրս կհանվեն դիզելային և նավային վառելիքը, ինչպես նաև գազոյլները, եթե դրանց արտահանումն իրականացնում են անմիջապես այդ արտադրանքի արտադրողները։
Ռուսաստանն արդեն մի քանի անգամ ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել նավթամթերքների արտահանման վրա՝ ներքին վառելիքի շուկան կայունացնելու համար։
2025 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին գործում էր ավտոմոբիլային բենզինի արտահանման արգելքը․ սկզբում սահմանափակումները վերաբերում էին շուկայի բոլոր մասնակիցներին, ներառյալ արտադրողներին, սակայն ավելի ուշ վառելիք արտադրող նավթային ընկերությունների համար բացառություններ արվեցին։
2026 թվականի հունվարին Ռուսաստանի կառավարությունը կրկին սահմանափակումներ մտցրեց բենզինի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլների արտահանման նկատմամբ։ Արգելքը գործում էր մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը, ընդ որում դիզելային վառելիքի և մի շարք այլ նավթամթերքների անմիջական արտադրողները ազատվել էին սահմանափակումների մի մասից։
Ռուսաստանի իշխանություններն արտահանման սահմանափակումների սահմանումը բացատրում էին ներքին շուկայում վառելիքի բավարար ծավալներ ապահովելու, պակասուրդը կանխելու և գների աճը զսպելու անհրաժեշտությամբ։