«Tete A Tete» հաղորդման հերթական թողարկումը վերածվել է բացառիկ անկեղծության հարթակի։ Հյուրընկալվելով հաղորդմանը՝ Էրիկ Շահբազյանն ու նրա կինը առաջին անգամ բացահայտել են իրենց կյանքի ամենամութ ու սարսափելի էջերը՝ կապված թմրամիջոցներից ունեցած երկարատև կախվածության հետ։ Էրիկի խոստովանությունն իսկական շոկ էր հեռուստադիտողի համար։
Նա անկեղծորեն պատմել է, որ օգտագործել է գրեթե բոլոր տեսակի ծանր և սինթետիկ թմրամիջոցները, որոնք մարդուն սպանում են վայրկենական։ «Ես արդեն չէի օգտագործում, ես «ուտում» էի… Ես թմրանյութերին այնպես էի սիրահարվել, որ ուրիշ ոչ մի սեր ինձ չէր հետաքրքրում։ Դա իմ համար միակ հաճույքն էր»,– նշել է նա։
Էրիկը խոստովանել է, որ շուրջ 12 տարի գտնվել է այդ կախվածության մեջ և այսօր ինքն էլ է զարմանում, թե ինչպես է ողջ մնացել, երբ իր շատ ընկերներ արդեն կյանքից հեռացել են նույն պատճառով։ Դերասանը պատմել է, որ թմրանյութերն իրեն ստիպում էին հավատալ, թե ինքը երջանիկ է, մինչդեռ իրականում նա ապրում էր «իսկական դժոխքում»։
Ոչ մի հորդոր կամ առաջարկ՝ թողնել այդ կյանքը, չէր աշխատում, քանի որ նա այլևս ոչ մի բանում երջանկություն չէր տեսնում։ Զրույցին միացել է նաև Էրիկի կինը, ով եղել է նրա կողքին ամենադժվար պահերին։
Նրա խոսքով՝ այս պատմության մեջ շրջադարձային է եղել հավատը։ «Աղոթքների և համատեղ պայքարի շնորհիվ Էրիկը կարողացավ հաղթահարել կախվածությունը և դուրս գալ այդ ծանր շրջանից»,- պատմել է նա։
Այսօր զույգը որոշել է բարձրաձայնել այս խնդրի մասին՝ հույս ունենալով, որ իրենց փորձը կարող է օրինակ ծառայել և փրկել շատերին, ովքեր այս պահին գտնվում են նույն անդունդի եզրին։