Լիակատար զինաթափում․ Թրամփն ազդարարել է պատմական համաձայնության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական ​​պաղեստինյան շարժման և այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին՝ այն անվանելով պատմական քայլ հակամարտությունը դադարեցնելու և պաղեստինյան նոր կառավարություն ձևավորելու համար։

«Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության հասավ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի և մյուս բոլոր զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ։ Սա հսկայական քայլ է դեպի ամուր խաղաղություն և անվտանգություն», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Նրա խոսքով, ՀԱՄԱՍ–ի և նրա դաշնակից խմբավորումների զինաթափումը կիրականացվի փուլ առ փուլ։ Գործընթացի ավարտից հետո իսրայելական զորքը դուրս կբերվի Գազայի հատվածից, անվտանգության ապահովումն էլ կանցնի կայունացման միջազգային ուժերին և պաղեստինյան նոր ոստիկանությանը։

Թրամփը նաև հայտարարել է, որ համաձայնագիրը ճանապարհ է բացոմ պաղեստինյան նոր կառավարություն ձևավորելու համար, որը կհամագործակցի Գազայի հատվածի կառավարման հարցում Ամերիկայի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի հետ։

ՀԱՄԱՍ–ի բարձրաստիճան պաշտոնյաները AFP-ին հաստատել են ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու փաստը։ AFP-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում կարգավորման ԱՄՆ ծրագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ բանակցություններ են ընթանում Եգիպտոսում արդեն մի քանի շաբաթ։ ՀԱՄԱՍ–ի զինաթափումից բացի, ծրագիրը նախատեսում է իսրայելական բանակի փուլային դուրսբերում անկլավից և կառավարման փոխանցում Խաղաղության խորհրդի աջակցությամբ ստեղծված պաղեստինյան տեխնոկրատական ​​կոմիտեին։ Ավելի վաղ Իսրայելը բազմիցս հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ–ի զինաթափումը հակամարտության հետագա դեէսկալացիայի պարտադիր պայմանն է։

Ի դեպ, պաղեստինյան խմբավորումները կտրականապես հերքել են այդ պայմանները ընդունելու իրենց պատրաստակամության մասին հաղորդագրությունները։ «Իսլամական ջիհադ» շարժման պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հետևյալ հերքումով. «Այն, ինչ հայտարարվել է ԶԼՄ-ներում խմբավորումների և թշնամու միջև համաձայնագրի վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում։ Մենք համաձայն չենք այդ փաստաթղթի հետ և մերժում ենք այն ներկայումս շրջանառվող ձևակերպումներով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *