Հուլիսի 28-ին ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն ռիսկով կշռված ակտիվների 2%-ի չափով։
Սահմանված դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարի 1-ից։
ՀՀ ԿԲ խորհրդի սույն որոշման հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է.
- 2026թ․ առաջին եռամսյակի դրությամբ վարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճել է՝ կազմելով 84%։ Վարկեր/ՀՆԱ ճեղքվածքն ընդլայնվել է շուրջ 1 տոկոսային կետով և կազմել 4.3 տոկոսային կետ։
- Ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպը շարունակել է պահպանվել բարձր մակարդակում, իսկ վարկավորման հիմնական ուղղություններով գրանցվել է բարձր ակտիվություն։
- Սպառողական վարկերի արագ աճի միտումները շարունակվել են։ Աճել են ինչպես վարկային պորտֆելի, այնպես էլ 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրված նոր վարկերի ծավալները։
- Անշարժ գույքի շուկայում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է գների աճի արագացում։ Հիպոտեկային և շինարարության ոլորտների վարկավորման բարձր ծավալների պայմաններում վարկային ռիսկերի հնարավոր կուտակումը շարունակում է մնալ ԿԲ ուշադրության կենտրոնում։
- Հիմնական ռիսկեր
Գերակա են մնում տարածաշրջանային տնտեսական, առևտրային և քաղաքական բարձր անորոշություններից բխող ռիսկերը։ Ընթացող հակամարտությունների պայմաններում մակրոմիջավայրի վրա կտրուկ, հաճախակի և միաժամանակ ի հայտ եկող շոկերի հավանականությունը գնահատվում է բարձր։