Ճապոնիայում նոր հետախուզական մարմիններ են գործում․ Kyodo

Ճապոնիայի Հետախուզության ազգային խորհուրդը (ՀԱԽ) վարչապետ Սանաե Տակաիչիի նախագահությամբ անցկացրել է իր առաջին դռնփակ նիստը։ Դրան մասնակցել են նաև կառավարության ինը առանցքային անդամներ, այդ թվում՝ արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների և տնտեսական բաժնի նախարարությունների ղեկավարները, հայտնում է Kyodo գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետախուզական և հակահետախուզական գործունեության ոլորտում հիմնարար փաստաթղթերի մշակման, ինչպես նաև լրտեսության դեմ պայքարի մասին օրենսդրության ընդունման հետ կապված հարցեր։ Միաժամանակ իր աշխատանքն է սկսել ՀԱԽ-ի գործադիր մարմինը՝ Հետախուզության ազգային վարչությունը (ՀԱՎ)։

Այն ստեղծվել է Նախարարների կաբինետի արդեն գոյություն ունեցող Հետազոտությունների բյուրոյի հիման վրա, որը վերլուծում է մասնավորապես բաց աղբյուրներից, այլ գերատեսչություններից, ԱՄՆ ԿՀՎ-ից և արբանյակային հետախուզության միջոցով ստացված տեղեկատվությունը։ ՀԱՎ-ն դեռևս պահպանել է բյուրոյի աշխատակիցների թվաքանակը՝ 730 մարդ։ Այնուամենայնիվ, այն ստացել է առանձին գերատեսչությունների, այդ թվում՝ ոստիկանության, ԱԳՆ-ի և ռազմական կառույցների հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների գործունեությունը ղեկավարելու և վերահսկելու լիազորություններ։

Մոտ ապագայում Ճապոնիայի կառավարությանն առընթեր աշխատանք կսկսի փորձագետների խորհուրդը, որի նպատակն է մինչև տարեվերջ մշակել հակահետախուզության մասին օրենսդրությունը։ Այն կքննարկի նաև արտաքին հետախուզական վարչության ստեղծման հետ կապված հարցեր, որը, մամուլի տվյալներով, առաջարկվում է ձևավորել բրիտանական MI6-ի օրինակով։ Բացի այդ, Kyodo-ի փոխանցմամբ, կուսումնասիրվեն Ճապոնիայում այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» գրանցման համակարգի ներդրման հետ կապված առաջարկներ, որոնք օրինական հիմունքներով ներկայացնում են օտարերկրյա պետությունների և կառույցների շահերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *