Կիպրոսում լրտեսության կասկածանքով ադրբեջանցի է ձերբակալվել

Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի 44-ամյա քաղաքացի Ռաշադ Սուլթանովը, ենթադրաբար, «թշնամական դիտարկում» է իրականացրել Կիպրոսում գտնվող Ակրոտիրի ռազմաօդային բազայի նկատմամբ և տեղեկություններ փոխանցել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հայտնում է Associated Press-ը։

Նա ձերբակալվել է հուլիսի 17-ին։ Բրիտանական ոստիկանությունը ձգտում է հասնել նրա արտահանձնմանը։

Սուլթանովին կասկածում են հօգուտ Իրանի Մեծ Բրիտանիայի ռազմաօդային բազայի նկատմամբ լրտեսություն իրականացնելու մեջ։

Ոստիկանությունը հայտնել է, որ Սուլթանովը բնակվում է Լոնդոնում, իսկ բրիտանական լրատվամիջոցները պնդում են, որ նա տաքսու վարորդ է աշխատում։

Ձերբակալությունը հաջորդել է 2025 թվականի մայիսին և հունիսին Ակրոտիրի ռազմաօդային բազայում տեղի ունեցած միջադեպերի հետաքննությանը, որն իրականացրել են ահաբեկչության դեմ պայքարի խուզարկուները։

Ակրոտիրին Մերձավոր Արևելքում գործողությունների համար Մեծ Բրիտանիայի գլխավոր ռազմաօդային բազան է։ Վերջին տարիներին այն օգտագործվել է բրիտանական ռազմական ինքնաթիռների համար՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ առաքելություններում, ինչպես նաև Եմենում հութիների թիրախներին հարվածներ հասցնելու համար։ Մարտին՝ Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի սկզբին, բազան խոցվել էր իրանական արտադրության անօդաչու թռչող սարքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *