Դանիացի արքայադուստրը հրաժարվել է բանակում ծառայության համար տրվող աշխատավարձից․ B.T.

Դանիայի 19-ամյա արքայադուստր Իզաբելան օգոստոսին 11-ամսյա ծառայության է անցնելու բանակում՝ Զելանդիա կղզու հարավ-արևմուտքում գտնվող Սլագելսե քաղաքի Գվարդիական հուսարական գնդում։ Ինչպես B.T. պարբերականին հայտնել են թագավորական տան մամուլի ծառայությունից, նա հրաժարվել է աշխատավարձից և զինվորական կոչումից։

Զինապարտի սովորական աշխատավարձը ծառայության ընթացքում կազմում է շուրջ 9 հազար կրոն (մոտ 1,38 հազար դոլար)։ Արքայադուստր Իզաբելայի ծառայությունը բաղկացած է լինելու երկու փուլից․ առաջին հինգ ամսվա ընթացքում նա ստանալու է բազային պատրաստություն, իսկ մնացած վեց ամիսներին իրականացնելու է սովորական ծառայություն։

Արքայադուստրն արդեն 19 տարեկան է, սակայն նա թագավորական թոշակ չի ստանում։ Դեռ 2016 թվականին թագավորական ընտանիքը որոշել էր, որ նման ապահովում պետք է ստանա միայն նրա ավագ եղբայրը՝ գահաժառանգ Քրիստիանը, այն էլ միայն սեփական տուն ու սպասարկող անձնակազմ ունենալուց հետո։ Նույն գնդում ծառայելու ընթացքում նա նույնպես բանակային աշխատավարձ և ապահովագրություն չի ստացել։

Հունիսին Քրիստիանը ստացել է երկրորդ լեյտենանտի կոչումը և, սպայական պատրաստության ծրագրի շրջանակում, ծառայությունը կշարունակի Թագավորական լեյբ-գվարդիայում՝ ղեկավարելով ապագա թագավորական գվարդիան։ Նույն գնդում է ծառայել նաև նրանց հայրը՝ Ֆրեդերիկ X թագավորը, որտեղ հետագայում ստացել է պահեստազորի լեյտենանտի կոչում և դասակի հրամանատարի պաշտոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *