Անոմալ շոգ ամառն այս տարի ԵՄ տնտեսության վրա կարժենա մոտ 180 միլիարդ եվրո, ինչը համարժեք է ՀՆԱ-ի մոտ 1%-ին։ Ըստ նոր վերլուծության՝ այդ գումարը հավասար է այն ամբողջ տնտեսական աճին, որը դաշինքը նախատեսում էր ապահովել 2026 թվականին։
Ըստ Triodos Bank-ի ուսումնասիրության՝ Ֆրանսիան կարող է կորցնել աճի 1,4 տոկոսային կետ, ինչը կարող է նրա տնտեսությունը հասցնել 0,6% կրճատման։ Նիդեռլանդներում 0,8 կետի անկումը գրեթե ամբողջությամբ կզրոյացնի տնտեսության սպասվող ընդլայնումը, գրում է Politico-ն։
Փորձագետները նշում են, որ ծայրահեղ շոգի պայմաններում աշխատելու դժվարությունները կդառնան տնտեսության գլխավոր արգելակող գործոնը։ Ըստ նրանց գնահատականների՝ աշխատանքի արտադրողականության կորուստը կարող է Եվրամիության ՀՆԱ-ից մոտ 0,6% խլել։
Տարածաշրջանում գյուղատնտեսական արտադրությունը հնարավոր է կրճատվի 3–7%-ով։ Այսպես, Ավստրիայում երաշտն արդեն մոտ 1 միլիարդ եվրոյի վնաս է հասցրել ագրոսեկտորին՝ տեղումների պակասի պատճառով։
Դանուբ և Ռեյն գետերում ջրի ցածր մակարդակը ստիպել է սահմանափակումներ մտցնել հունգարական «Պակշ» ԱԷԿ-ի աշխատանքի վրա, ստիպել է Ռումինիային պայթեցնել ժայռեր՝ ջուրը դեպի ռեակտոր վերահասցեավորելու նպատակով, ինչպես նաև սահմանափակել է գետային նավերի բեռնվածությունը։
POLITICO-ի գնահատմամբ՝ հունիսի կեսից մինչև հուլիսի սկիզբը տևած ռեկորդային շոգի ալիքի ընթացքում ամենաշատ տուժած վեց եվրոպական երկրներում առնվազն 14 հազար հավելուրդային մահ է գրանցվել։
Ամառը դեռ չի ավարտվել։ Այս շաբաթ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստվում են սեզոնի հինգերորդ շոգի ալիքին. Ֆրանսիայի հարավ-արևելքում ջերմաստիճանը մոտենում է 40°C-ի, իսկ Մեծ Բրիտանիայում կանխատեսվում է մինչև 36°C։
Triodos Bank-ի վերլուծաբանները կոչ են անում ներկայիս ամառը չդիտարկել որպես մեկանգամյա անոմալ դեպք՝ նախազգուշացնելով, որ ծայրահեղ շոգը կարող է դառնալ «կառուցվածքային երևույթ»։ Փորձագետների կարծիքով՝ պետությունները կարող են մեղմել վնասը ոռոգման, շենքերի մեկուսացման, հովացման համակարգերի և աշխատանքային ժամանակացույցի ճշգրտման մեջ ներդրումների միջոցով։