Զիմբաբվեի հյուսիսում գիտնականները զավրոպոդոմորֆների դասին պատկանող նոր դինոզավրի ոսկորների բեկորներ են հայտնաբերել։ Նա ապրել է ուշ տրիասի դարաշրջանում, երբ դինոզավրերը նոր էին սկսում բնակեցնել Երկիրը և դեռ չէին իշխում մոլորակում։ Գտածոն ցույց է տվել, որ հսկայական զավրոպոդների վաղ ազգակիցներն ավելի բազմազան են եղել, քան ենթադրվում էր, իսկ Հարավային Աֆրիկան կարևոր դեր է խաղացել նրանց էվոլյուցիայի գործում։
Տրիասի ժամանակաշրջանի վերջում՝ մոտավորապես 201–237 միլիոն տարի առաջ, դինոզավրերը նոր են սկսել տարածվել Երկրի վրա։ Մոլորակի գլխավոր ցամաքային կենդանիներ դառնալուն դեռ միլիոնավոր տարիներ կար, ուստի նրանք ապրում էին բազմաթիվ այլ հնագույն սողունների, այդ թվում՝ ռինխոզավրերի, ֆիտոզավրերի և էտոզավրերի կողքին։
Այդ ժամանակ բոլոր ժամանակակից մայրցամաքները միավորված էին Պանգեա գերմայրցամաքի մեջ, որի հարավային մասը կազմում էր Գոնդվանան՝ Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Անտարկտիդայի, Ավստրալիայի, Հնդկաստանի և Մադագասկարի տարածքներն ընդգրկող ցամաքային հատվածը։
Երկար ժամանակ պալեոնտոլոգները կարծում էին, որ տրիասի վերջում ժամանակակից Հարավային Աֆրիկայի տարածքում ապրել են դինոզավրերի համեմատաբար միօրինակ խմբեր, փոխանցում է Naked Science-ը: Նման եզրակացության էին հանգել սահմանափակ թվով գտածոների պատճառով։ Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում հավաքված նոր տվյալները վկայում են, որ այս կենդանիները շատ ավելի բազմազան են եղել, իսկ Գոնդվանայի տարբեր շրջաններում կարող էին ծաղկում ապրել սողունների՝ միմյանցից տարբերվող համայնքներ։
Այս ֆոնին Զիմբաբվեն աստիճանաբար դառնում էր այդ դարաշրջանի ուսումնասիրության կարևորագույն վայրերից մեկը։ 2022 թվականին գիտնականներն այնտեղ հայտնաբերեցին Mbiresaurus raathi-ի մնացորդները, որն Աֆրիկայում մինչ օրս հայտնի ամենահին դինոզավրն է. նա ապրել է մոտ 230 միլիոն տարի առաջ։ Այժմ հետազոտողները ստացել են ևս մեկ ապացույց այն բանի, որ առաջին դինոզավրերի պատմությունը կարող էր շատ ավելի բարդ լինել։
Անգլիայի Բնագիտական թանգարանից Փոլ Բարեթի գլխավորած պալեոնտոլոգների միջազգային թիմը նկարագրել է զավրոպոդոմորֆների դասին պատկանող նոր դինոզավրի՝ Musango matusadonaensis-ին։ Նկարագրությունը կազմվել է կմախքի մի հատվածի հիման վրա, որը հայտնաբերվել էր դեռևս 2018 թվականին՝ Զիմբաբվեի հյուսիսում գտնվող Սպուրվինգ լճային կղզում։
Խոսքը ողնաշարի և ոտնաթաթի ոսկորների, կողոսկրերի, ինչպես նաև առջևի ու ետևի վերջույթների մասին է։ Բարեթն ու նրա գործընկերները հայտնաբերված ոսկորները համեմատել են վաղ զավրոպոդոմորֆների տասնյակ հայտնի մնացորդների հետ և նկատել հատկանիշների մի եզակի համադրություն, որը նախկինում հայտնի չէր․ այդ պատճառով պալեոնտոլոգներն առանձնացրել են նոր ցեղ և տեսակ։
Գտածոյի տարիքը գնահատվել է 210 միլիոն տարի։ Musango matusadonaensis-ը համեմատաբար թեթև էակ է եղել․ նրա մարմնի երկարությունը հասնում էր 4,5 մետրի, իսկ քաշը չէր գերազանցում 222 կիլոգրամը, ինչը համադրելի է խոշոր ընտանի խոզի քաշի հետ։ Համեմատության համար նշենք, որ այս ճյուղի ազգակիցները հանդիսացող ավելի ուշ զավրոպոդները հասնում էին շատ ավելի հսկայական չափերի։
Սատկելու պահին դինոզավրը մոտ ութ տարեկան է եղել։ Մասնագետները ոսկորների վրա նկատել են ծանր վնասվածքի կամ վարակի հետքեր, սակայն ապաքինման նշանները ցույց են տվել, որ վնասվածքներ ստանալուց հետո կենդանին դեռ որոշ ժամանակ ապրել է։ Ոսկորների կառուցվածքից ելնելով՝ գիտնականները ենթադրել են, որ Musango matusadonaensis-ը սնվել է բուսական կերով։ Հավանաբար նա ապրել է գետերի և առվակների մոտակայքում, որտեղ առատ բուսականություն է եղել։
Հետազոտության գլխավոր եզրահանգումը վերաբերում է ոչ թե բուն կենդանուն, այլ այն հնագույն աշխարհին, որտեղ նա ապրել է։ Musango matusadonaensis-ը ցույց տվեց, որ Աֆրիկայի հարավը բաղկացած է եղել մի քանի տարբեր էկոհամակարգերից, որոնցից յուրաքանչյուրում բնակվել են դինոզավրերի տարբեր տեսակներ։ Այս հայտնագործությունը նշանակալիորեն ընդլայնում է հնագույն սողունների էվոլյուցիայի վաղ փուլերի մասին գիտնականների պատկերացումները։