Իսպանական Սեուտա անկլավի սահմանն ապօրինի հատած ոչ մի միգրանտ չի կարողացել հասնել Իսպանիայի մայրցամաքային հատված կամ Եվրամիության այլ երկրներ, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ սահմանի զանգվածային ճեղքման մասնակիցների ճնշող մեծամասնությունն արդեն վերադարձել է Մարոկկո՝ իսպանական և մարոկկոյական իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի շնորհիվ։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ Սեուտայի ճգնաժամը կրկին ցույց է տվել ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության կարևորությունը, սակայն գործող համակարգն անհրաժեշտ է լրացուցիչ ամրապնդել։ Նա նաև կոչ է արել վերլուծել տեղի ունեցածը, որպեսզի ապագայում Եվրոպան ավելի պատրաստվածո լինի նման իրավիճակների հանդեպ։
Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրահանձնաժողովը հենց սկզբից օգնություն է առաջարկել Իսպանիային և ողջունում է ԵՄ մի քանի երկրների առաջնորդների նախաձեռնությունը՝ իրավիճակը քննարկելու համար արտահերթ տեսակոնֆերանս անցկացնելու վերաբերյալ։
«Անօրինական միգրացիայի դեմ պայքարը պահանջում է համերաշխություն և միասնական եվրոպական պատասխան», — ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։