Ֆինլանդիայի Անվտանգության և հետախուզության ծառայության նախկին ղեկավար Անտտի Պելտտարին մեղադրվել է ծառայողական պարտականությունների խախտման մեջ, պատմության մեջ ամենախոշոր քննության շրջանակում՝ կապված Supo-ի գործունեության հետ, հայտնել է Helsingin Sanomat։
Քննությունը վերաբերում է Supo-ի աշխատակիցների գործողություններին 2020 թվականին՝ ռուսական հետախուզական գործունեությանը հակազդելու գործողությունների ընթացքում։
Քննությունը պարզում է, թե արդյոք ծառայությունն օգտագործել է նախկին՝ թոշակի անցած աշխատակիցներին այն կերպ, որը կարող էր խախտել գաղտնի տեղեկատվության հետ աշխատանքի վերաբերյալ օրենսդրությունը։
Քննության վարկածով՝ առանձին քաղաքացիական անձինք կարող էին հասանելիություն ստանալ գաղտնի տվյալներին և աշխատել տեղեկատվության հետ, որը պետք է գտնվեր հատուկ ծառայության վերահսկողության ներքո։ Ստուգվել են նաև հետախուզական մեթոդների կիրառման հանգամանքները և դատարանին ոչ ամբողջական կամ մոլորեցնող տեղեկատվություն տրամադրելու հնարավոր դեպքերը։
Պելտտարիից բացի, մեղադրանքներ են առաջադրվել Supo-ի հակահետախուզության նախկին ղեկավար Պերտտի Հաակսլուոտոյին և գերատեսչության ևս մեկ աշխատակցի։ Նրանց, մասնավորապես, վերագրում են պաշտոնեական դիրքի չարաշահում։
Պելտտարին, որը գլխավորել է Supo-ն 2011-2023 թվականներին, մերժում է մեղադրանքները և հայտարարում իր անմեղության մասին։ Հաակսլուոտոն նույնպես հերքում է օրենքի խախտումը։
Գործը մեծ ուշադրություն է գրավել Ֆինլանդիայում, քանի որ վերաբերում է երկրի ներքին անվտանգության գլխավոր մարմնի աշխատանքին և հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողության հարցերին։