Չինաստանի Գյույան քաղաքում անցկացվող միջազգային սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է Չինաստանի BeiDou արբանյակային նավիգացիոն համակարգի ստեղծման պատմությունը, զարգացման փուլերը և դրա ռազմավարական նշանակությունը երկրի համար։

Գույչժոու նահանգի Գեոդեզիայի և քարտեզագրման առաջին ինստիտուտի փոխնախագահ, ավագ ինժեներ, պրոֆեսոր Լյու Դունլին տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ժամանած մասնագետներին պատմել է համակարգի հնարավորությունների, կիրառման ոլորտների և զարգացման հեռանկարների մասին։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Լյու Դունլիի խոսքով՝ BeiDou-ն Չինաստանի կողմից ինքնուրույն մշակված և շահագործվող գլոբալ արբանյակային նավիգացիոն համակարգ է, որի ստեղծումն ու զարգացումն անցել են երեք հիմնական փուլ։
«BeiDou համակարգի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 1994 թվականին։ 2000 թվականին, առաջին երկու փորձնական արբանյակների հաջող արձակումից հետո, Չինաստանը սկսեց մատուցել առաջին նավիգացիոն ծառայությունները։ 2004 թվականին մեկնարկեց համակարգի երկրորդ փուլի զարգացումը, որի արդյունքում 2012 թվականին BeiDou-ն արդեն ապահովում էր ամբողջ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ծածկույթը։ Իսկ 2020 թվականին, BeiDou-3 համակարգի ամբողջական գործարկմամբ, այն դարձավ գլոբալ նավիգացիոն համակարգ՝ ծառայություններ մատուցելով ամբողջ աշխարհում»,- նշեց Լյու Դունլին։

Նրա խոսքով՝ 2000 թվականին BeiDou-ի առաջին երկու փորձնական արբանյակների հաջող արձակումից հետո Չինաստանը դարձավ ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո աշխարհում երրորդ երկիրը, որն ունի սեփական անկախ արբանյակային նավիգացիոն համակարգը։
Լյու Դունլին ընդգծեց, որ BeiDou-1 համակարգն առաջին անգամ ապացուցեց հանրային կապի ցանցերից անկախ կարճ հաղորդագրությունների փոխանցման կարևորությունը։ Նրա խոսքով՝ այդ հնարավորությունն անփոխարինելի էր հատկապես արտակարգ իրավիճակներում իրականացվող փրկարարական գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ 2008 թվականի Վենչուանի ավերիչ երկրաշարժից հետո։

Համակարգի հետագա զարգացման ընթացքում ընդլայնվել են նաև կարճ հաղորդագրությունների փոխանցման հնարավորությունները, ինչի շնորհիվ BeiDou-ն այսօր ոչ միայն նավիգացիոն համակարգ է, այլև արտակարգ իրավիճակներում կապի և հաղորդակցության կարևոր գործիք։ Այդ պատճառով, մասնագետի խոսքով, Չինաստանը BeiDou-ն դիտարկում է որպես երկրի կարևորագույն ռազմավարական տեխնոլոգիաներից մեկը։
Այսօր BeiDou-3 համակարգն օգտագործվում է ավելի քան 230 երկրում և տարածաշրջանում՝ սպասարկելով շուրջ 1,5 միլիարդ օգտատեր։ Լյու Դունլիի գնահատմամբ՝ այն հատկապես կարևոր է զարգացող երկրների համար, քանի որ ապահովում է բարձր ճշգրտությամբ և համեմատաբար մատչելի նավիգացիոն ծառայություններ։
BeiDou-ն լայնորեն կիրառվում է նաև գյուղատնտեսության, տրանսպորտի, ենթակառուցվածքների և վտանգավոր օբյեկտների մոնիթորինգի ոլորտներում։ Այն օգտագործվում է միջազգային բեռնափոխադրումների վերահսկման, ճշգրիտ գյուղատնտեսության, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար՝ ապահովելով ճշգրիտ տեղորոշում և հաղորդակցության հնարավորություն։
Պրոֆեսորի ներկայացմամբ՝ BeiDou համակարգը բաղկացած է երեք հիմնական հատվածից՝ տիեզերական, վերգետնյա և օգտատիրոջ։
Տիեզերական հատվածը ներառում է GEO, MEO և IGSO ուղեծրերում գործող արբանյակները, որոնք միասին ապահովում են համակարգի անխափան աշխատանքն ու բարձր ճշգրտությունը։
Վերգետնյա հատվածի կազմում են գլխավոր կառավարման կենտրոնը, վերահսկման կայանները և արբանյակների կառավարման համակարգերը, իսկ օգտատիրոջ հատվածը ներառում է այն սարքերը, որոնց միջոցով մարդիկ օգտվում են BeiDou-ի ծառայություններից՝ նավիգատորներ, սմարթֆոններ, ընդունիչներ, ալեհավաքներ, ինչպես նաև ավտոմեքենաների, ինքնաթիռների և նավերի նավիգացիոն համակարգեր։
Մերի Հակոբյան
Վազգեն Եթումյան