Հետազոտողները հայտնաբերել են վկայություններ այն մասին, որ ԱՄՆ հյուսիս-արևմուտքում գտնվող Կասկադիայի սուբդուկցիայի գոտում տեղի ունեցած հզոր երկրաշարժն անցյալում կարող էր գործադրել երկրորդ աղետը՝ Կալիֆոռնիայում գտնվող հայտնի Սան Անդրեաս բեկվածքի ճեղքումը։ Ապագայում նման սցենարը կարող է վտանգի տակ դնել երկրի ամբողջ արևմտյան ափի միլիոնավոր բնակիչների, գրել է Daily Mail-ը։
Գիտնականներն ուսումնասիրել են հատակի նստվածքների միջուկները, որոնք վերցվել էին Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող ստորջրյա Նոյո կիրճից, ինչպես նաև Կասկադիայի գոտու շրջանից։ Նստվածքային ապարների շերտերում նրանք հայտնաբերել են անսովոր կրկնակի նստվածքներ, որոնք կարող էին ձևավորվել ժամանակի փոքր ընդմիջմամբ տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժերից հետո։
Հետազոտողների կարծիքով՝ առաջին իրադարձությունը կարող էր պայմանավորված լինել Կասկադիայի գոտում տեղի ունեցած մեգաերկրաշարժով, որը ձգվում է Հյուսիսային Կալիֆոռնիայից մինչև Օրեգոն և Վաշինգտոն նահանգներ։ Այնուհետև այն կարող էր հրահրել Սան Անդրեաս բեկվածքի ակտիվությունը՝ հնարավոր է ընդամենը րոպեներ կամ ժամեր անց։
«Դժվար է գնահատել, թե ինչպիսին կլիներ 9 մագնիտուդով երկրաշարժը Խաղաղօվկիանոսյան հյուսիս-արևմուտքում։ Իսկ այն հնարավորությունը, որ դրան կարող է հաջորդել երկրաշարժ Սան Անդրեասում, արդեն կինոսցենար է հիշեցնում», — հայտնել է հետազոտության գլխավոր հեղինակ Քրիս Գոլդֆինգերը Օրեգոնի համալսարանից։
Եթե նման սցենարը կրկնվի այսօր, Կասկադիայի գոտում տեղի ունեցած երկրաշարժը կարող է Սիեթլում և Փորթլենդում ավերիչ ցնցումներ առաջացնել, ափամերձ տարածքներում՝ ցունամի, ինչպես նաև լայնածավալ սողանքներ։ Սան Անդրեասի հետագա ճեղքումը կարող է Սան Ֆրանցիսկոյում և Կալիֆոռնիայի այլ շրջաններում ավերածությունների նոր ալիք առաջացնել՝ հրդեհներով, էլեկտրամատակարարման խափանումներով և տրանսպորտային կոլապսով։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջիկա 50 տարիների ընթացքում Կասկադիայի գոտում 9 և ավելի մագնիտուդով երկրաշարժի հավանականությունը գնահատվում է մոտ 10–15 տոկոս։
Գիտնականներն ընդգծել են, որ առայժմ չեն կարող ապացուցել երկու բեկվածքների միջև ուղղակի պատճառահետևանքային կապը, սակայն հայտնաբերված երկրաբանական հետքերը ցույց են տալիս, որ խոշոր երկրաշարժերի նման հաջորդականություններ կարող էին տեղի ունենալ անցյալում և պետք է հաշվի առնվեն ԱՄՆ արևմտյան ափի համար ռիսկերի գնահատման ժամանակ։