Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել՝ Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Կուրսկի մարզի սահմանամերձ մի շարք շրջաններում կրիպտոարժույթների մայնինգը արգելելու մասին։
Համապատասխան որոշումը հուլիսի 31-ին ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Արգելքը կգործի 2026 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2032 թվականի դեկտեմբերի 31-ը։
Սահմանափակումները կվերաբերեն ոչ միայն Մոսկվային և Մոսկվայի մարզին, այլև Կուրսկի մարզի պետական սահմանին հարակից ութ շրջանների՝
- Բելովսկի,
- Բոլշեսոլդատսկի,
- Գլուշկովսկի,
- Կորենևսկի,
- Լգովսկի,
- Ռիլսկի,
- Սուդժանսկի,
- Խոմուտովսկի շրջաններին,
ինչպես նաև Լգով քաղաքին։
Ռուսաստանի իշխանությունները որոշումը հիմնավորում են առաջին հերթին էլեկտրաէներգիայի բարձր սպառմամբ։ Մոսկվայի մարզի իշխանությունների գնահատմամբ՝ կրիպտոմայնինգը մեծ քանակությամբ էներգիա է օգտագործում, սակայն բավարար տնտեսական արդյունք չի ապահովում։
Ռուսաստանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ նմանատիպ սահմանափակումներ արդեն գործում են երկրի 13 էներգետիկ դեֆիցիտ ունեցող շրջաններում, այդ թվում՝ Իրկուտսկի մարզում, Բուրյաթիայում և Անդրբայկալյան երկրամասում։
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Եվգենի Գրաբչակը հայտնել էր, որ Էլեկտրաէներգետիկայի զարգացման կառավարական հանձնաժողովը խորհուրդ է տվել սահմանափակել մայնինգը Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Կուրսկի մարզի որոշ տարածքներում։
Գերատեսչության գնահատմամբ՝ ներկայումս Մոսկվայում և Մոսկվայի մարզում գործում է 65 տվյալների մշակման կենտրոն (Data Center)՝ ընդհանուր 734 ՄՎտ հզորությամբ։ Դրանցից 19 կենտրոնը գտնվում է Մոսկվայի մարզում, իսկ ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 233 ՄՎտ։
Փորձագետների կարծիքով՝ մայնինգի սահմանափակումը կարող է նվազեցնել էլեկտրացանցերի ծանրաբեռնվածությունը խիտ բնակեցված շրջաններում, սակայն միաժամանակ կարող է ազդել տվյալների կենտրոնների զարգացման և թվային ենթակառուցվածքների ներդրումների վրա։