Նեթանյահուն հաստատել է Թրամփի հետ տարաձայնությունները՝ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շուրջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Խաղաղության խորհրդի ներկայացրած՝ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ծրագրի վերաբերյալ և անհրաժեշտ է համարում ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը՝ նախքան հաջորդ փուլին՝ անկլավի վերականգնմանը անցնելը։

«Ես տարաձայնություններ ունեմ նախագահ Թրամփի հետ, որոնք չեմ թաքցնում, ՀԱՄԱՍ-ի հետ վերջերս ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ։ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը՝ ապառազմականացվի, նախքան վերականգնման փուլին անցնելը», – ասել է Նեթանյահուն, նրա խոսքերը մեջբերում է «Ալ Ջազիրա»-ն։

Հեռուստաալիքը ճշտում է, որ վարչապետը այս մեկնաբանություններն արել է Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի հետ հանդիպումից հետո։

Երկուշաբթի օրը The Times of Israel թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել դեմարկացիոն «դեղին գծից», որը բաժանում է Գազայի հատվածի պաղեստինյան մասը այն հատվածից, որը վերահսկում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ)։

Ավելի վաղ Իսրայելում հայտարարել էին, որ Խաղաղության խորհրդի առաջարկած՝ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ծրագիրը չի համապատասխանում իսրայելական պահանջներին և հակասում է երկրի շահերին տարածաշրջանում։ Մասնավորապես, իշխանությունները հայտնել էին, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը։

Միաժամանակ, ինչպես հաղորդել էր The Times of Israel-ը, Խաղաղության խորհրդի ներկայացուցիչները և անանուն ամերիկացի պաշտոնյաները դժգոհություն են հայտնել իսրայելական դիրքորոշման կապակցությամբ, քանի որ երկրի իշխանություններին ծրագրի դրույթները հայտնի էին արդեն մի քանի ամիս։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտնել էր, որ Խաղաղության խորհրդի առաջարկած համաձայնագիրը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում։ Ենթադրվում է, որ շարժման ապառազմականացումից հետո իսրայելական զորքերը կհեռանան տարածաշրջանից, իսկ «միջազգային կայունացման ուժերը կհամագործակցեն նոր պաղեստինյան ոստիկանության հետ, որպեսզի իրենց վրա վերցնեն Գազայի բնակիչների և նրա հարևանների անվտանգության ապահովման պատասխանատվությունը»։

Միաժամանակ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ զենքը վայր չեն դնի, քանի դեռ Իսրայելը չի լքի Գազայի հատվածը և չի կատարի այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր ավելի վաղ կնքված հրադադարի համաձայնագրի շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *