Իսրայելի քաղաքականության և անվտանգության հարցերով նախարարների կաբինետը կհավաքվի օգոստոսի 4-ի երեկոյան և կքննարկի Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի դրույթները: Այս մասին հայտնել է Ynet պորտալը:
Ըստ նրա տվյալների՝ որոշ նախարարներ դեմ են արտահայտվում փաստաթղթի մի քանի դրույթների իրականացմանը:
Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանն անցյալ շաբաթվա վերջին ընդգծել էր, որ ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափումը, Գազայի հատվածից զենքի դուրսբերումն ու տարածքի լիակատար ապառազմականացումը ցանկացած գործընթացի պարտադիր նախապայմաններն են։ Ըստ նրա՝ քննարկվող 15 կետից բաղկացած փաստաթուղթն ըստ արժանվույն չի անդրադառնում այս պահանջներին, ինչի պատճառով Իսրայելն իր դիտողություններն է փոխանցել հատուկ բանագնաց Թոնի Բլերին։ Գենդելմանը նաև հավելել էր, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը զինաթափված չէ, իսրայելական կողմը Գազայի «դեղին գծից» հետ չի քաշվի։
Նախօրեին Գազայի հարցով Խաղաղության խորհրդի բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը հայտարարել էր, որ Իսրայելի հասցրած վերջին հարվածաշարից հետո միջնորդ պետությունները մտադիր են հասնել անկլավում իրավիճակի ապաէսկալացմանը։
2025 թվականի հունվարին ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում հրադադարի շուրջ։ Երկփուլ պայմանավորվածությունների առաջին փուլով նախատեսվում էր մարտական գործողությունների դադարեցում, պատանդների ազատ արձակում, մարդասիրական օգնության ծավալների ընդլայնում և իսրայելական ուժերի մասնակի դուրսբերում։ Երկրորդ փուլն ուղղված էր հակամարտության վերջնական դադարեցմանն ու անկլավի ապագա կարգավիճակի հստակեցմանը։ Արդեն հուլիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրորդ փուլի մեկնարկի շուրջ համաձայնության մասին, որի առանցքային պահանջը ՀԱՄԱՍ-ի զինված խմբավորումների ամբողջական զինաթափումն է։