
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացված «Քարե Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է Եղիշե Չարենցի կերպարը հայ կերպարվեստում ոչ միայն իբրև աշխատանք, այլև՝ նյութականացված հիշողություն։
Ցուցադրությունում ներառված են տուն-թանգարանի հավաքածուում պահվող Եղիշե Չարենցի դիմանկարներ, գրաֆիկական աշխատանքներ և քանդակներ:
1930-ականների հեղինակների՝ Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Հակոբ Կոջոյանի և այլոց գործերում Չարենցը դեռ կենդանի մարդ է՝ զգայուն, մտահոգ, ժամանակի ներսում ապրող։ Սակայն հետագա տասնամյակներում, արվեստագետների մեկնաբանությամբ, նրա կերպարը դուրս է գալիս կենսագրական սահմաններից և վերածվում է գաղափարի, խորհրդի, երբեմն՝ քարացած լռության։
Քանդակագործներ Արա Սարգսյանի, Կամո Սարիկյանի, Գետիկ Բաղդասարյանի աշխատանքներում Չարենցը ներկայանում է` որպես կոփված կերպար՝ ժամանակից անդին կանգնած, հուշարձանային ներկայությամբ։
«Քարե Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը հնարավորություն է տեսնելու, թե ինչպես է բանաստեղծի կերպարը ժամանակի ընթացքում վերածվում մշակութային հիշողության։
Ցուցադրությունը կգործի մինչև հունիսի 5-ը: