Մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան մահից առաջ հետաքննում էր գործարար Յորգեն Ֆենեկի և Մալթայի կառավարության ներկայացուցիչների ենթադրյալ կոռուպցիոն կապերը։ Այդ մասին դատարանում հայտարարել է նրա որդին՝ Մեթյու Կարուանա Գալիցիան, գրում է The Guardian.
Ֆենեկը, որը Մալթայի խոշորագույն բիզնես-կայսրություններից մեկի ժառանգն է, մեղադրվում է լրագրողի սպանությունը կազմակերպելու մեջ։ Լրագրողը զոհվել էր 2017 թվականի հոկտեմբերին ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։
Դատարանում ելույթ ունենալով՝ Մեթյու Կարուանա Գալիցիան պատմել է, որ օգնում էր մորը վերլուծել Panama Papers-ի հետաքննության փաստաթղթերը, իսկ ավելի ուշ՝ Electrogas ընկերության էլեկտրոնային նամակների մեծածավալ արխիվը, որի համասեփականատերերից մեկը Ֆենեկն էր։
Նրա պատմելով՝ այդ նյութերի ուսումնասիրությունն այնպիսի զգացողություն էր առաջացնում, ասես «դժոխքի պորտալ էր բացվել»։ Նա հայտնել է, որ նամակագրության մեջ Ֆենեկի անունը հանդիպում էր «անթիվ անգամներ», իսկ լրագրողն ինքը էլեկտրակայանի կառուցման մրցույթի անցկացման գործընթացը համարում էր կոռուպցիոն։

Լրագրողի որդին պատմել է նաև , որ մահից քիչ առաջ մայրը ծրագրում էր միջազգային լրագրողների խումբ հավաքել՝ փաստաթղթերի արտահոսքը համատեղ ուսումնասիրելու համար՝ Panama Papers նախագծի օրինակով։ Դրա համար նա արդեն կապ էր հաստատել բրիտանական The Guardian պարբերականի հետ, սակայն նախագիծը կյանքի կոչել չհաջողվեց Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության պատճառով։
Նրա մահից հետո Մեթյուն ստեղծել է միջազգային Daphne Project նախագիծը, որին միացել են մի քանի զանգվածային լրատվամիջոցներ, դրանց թվում՝ The Guardian-ը և Reuters-ը, որպեսզի շարունակեն հետաքննությունը և բացահայտեն հանցագործության պատվիրատուներին։
Դատարանում նա հիշել է նաև մոր մահվան օրը։ Նա ասել է, որ պայթյունի ձայնը լսելով՝ ինքը դուրս է վազել տնից և տեսել այրվող ավտոմեքենան։
Յորգեն Ֆենեկի դատավարությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է կանխամտածված սպանությանը մասնակցության մեջ և հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները։

Նշենք, որ Դաֆնե Կարուանա Գալիցիան հայտնի էր իր լրագրողական հետաքննություններով, որոնք վերաբերում էին այսպես կոչված պանամական դոսյեին և այդ գործում երկրի վարչապետի հնարավոր առնչությանը։ Հետաքննող լրագրողը նաև գրել է Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի դերի մասին օֆշորային սկանդալում, որում ներգրավված էր Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը։