ՀԲՄ ղեկավարն ակնկալում է Հայաստանի բանկերի կողմից կանխիկ ռուբլու ընդունման հետ կապված իրավիճակի կարգավորում

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի/ԱՌԿԱ/ Հայաստանի բանկերի կողմից ռուսական կանխիկ ռուբլու ընդունման հետ կապված իրավիճակը կկարգավորվի, հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:

Հունիսի վերջին ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հայկական որոշ բանկեր դադարել են ընդունել ռուսական թղթադրամներ, իրականացնել կանխիկ ռուբլով գործառնություններ և դրանք հաշիվներին մուտքագրել:

Հայաստանի Կենտրոնական բանկից ավելի վաղ «ԱՐԿԱ» գործակալությանը հայտնել էին, որ կարգավորողը չի ընդունել բանկերի կողմից կանխիկ ռուսական ռուբլու ընդունման սահմանափակման մասին որոշումներ և ֆինանսական կազմակերպություններին չի ուղարկել համապատասխան ցուցումներ: ԿԲ-ում նաև նշել էին, որ բանկերն ինքնուրույն են որոշումներ կայացնում հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հասատման վերաբերյալ:

Ազատյանի խոսքով՝ մայիսին Ռուսաստանի բանկը ֆինանսական կազմակերպություններին խորհուրդ է տվել ուժեղացնել վերահսկողությունը խոշոր չափի կանխիկ միջոցների ընդունման ժամանակ:

«Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպություններին խորհուրդ է տվել չընդունել խոշոր չափի կանխիկ գումար կամ խստացնել դրանց ծագման, հիմնավորվածության և օրինականության հաստատման պահանջները: Մեր գնահատականներով՝ նպատակը Ռուսաստանի ներսում ստվերային տնտեսությունում կանխիկ գործառնությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներն էին», — ասաց Ազատյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա ավելացրեց, որ ավելի ուշ սահմանափակումները տարածվել են այլ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ռուսական բանկային համակարգ մուտք գործող կանխիկ միջոցների վրա:

Ազատյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ ռուսական գործընկեր բանկերը ժամանակավորապես դադարեցրին հայկական բանկերից կանխիկ ռուբլու ընդունումը, վերջիններս ստիպված եղան սահմանափակել համապատասխան գործառնությունները, ավելացնել մարժան փոխանակման ժամանակ կամ սահմանել միջնորդավճար:

ՀԲՄ ղեկավարը հայտնեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկը բանակցություններ է վարում ռուս գործընկերների հետ այս հարցով:

«Բանակցություններն ընթանում են դրական հունով: Ենթադրվում է սահմանել մեր կարիքներին համապատասխանող սահմանաչափեր, որոնց սահմաններում հայկական բանկերը կկարողանան դուրս բերել կանխիկ ռուբլին: Խնդիրը, անասկած, կկարգավորվի», — ասել է նա:

Ազատյանը նշեց, որ ռուսական կողմը պահանջում է դրամական միջոցների ծագման օրինականության հաստատում:

«Պահանջները խստացվել են: Ռուսական կողմն ընդգծում է, որ իր նպատակն է կանխիկ ռուբլու շրջանառության կրճատումը ինչպես Ռուսաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», — ասաց ՀԲՄ ղեկավարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *