
ԱԺ ՔՊ խմբակցությունը, ի դեմս Փաշինյանի աշխատակազմի, երեք նոր ուսապարկ է ստացել: Գուցե ավելին են, չգիտեմ, ուղղակի այս երեքն են ակնառու՝ Նազելի Բաղդասարյան, Արայիկ Հարությունյան եւ Տարոն Չախոյան: Այս տեղափոխումով Փաշինյանը, փաստորեն, փորձել է երեք նոր որակ հաղորդել ՔՊ ծերացող խորհրդարանական խմբակցությանը՝ նրբություն, դատարկություն եւ որակյալ զազրախոսություն: Ասեմ, սակայն, որ այս ուսապարկերն ինքնին նոր չեն, ավելին, նույնիսկ մաշված են, բայց եթե Ռուբինյանի հայտարարած «զրոյական» կետից նայելու լինենք, բավականին հարմար են այս խորհրդարանին «թարմ» տեսք հաղորդելու համար:
Նազելի Բաղդասարյանին հայտնի պատճառներով չեմ քննարկի: Կին է, իսկ ես սկզբունք ունեմ՝ որեւէ կնոջ չքննարկել բացասական լույսի ներքո: Սեքսիզմի հարց չկա: Պարզապես մորս դաստիարակությունն է՝ աղջիկներին չի կարելի նեղացնել: Ընդամենն ասացի ուսապարկ եւ դրանով կսահմանափակվեմ: Նաեւ վստահ եմ, որ Նազելի Բաղդասարյանը որոշակի նրբություն կհաղորդի ՔՊ-ի՝ ուրագով տաշած խմբակցությանը եւ իր ներկայությամբ կստիպի ՔՊ որոշ «քյարթու գյադաների»՝ քաղաքական բանավեճը «քուչի» մակարդակի չիջեցնել:
Ոչ մի կերպ չեմ հասկանում Արայիկ Հարությունյանին պատգամավոր դարձնելու որոշումը: Կարելի է մտածել՝ ԱԺ-ում դատարկությունը քիչ էր, ու Փաշինյանը որոշեց այդ դեֆիցիտը վերացնել: Ինչ է, իր աշխատակազմի համար նոր դատարկությո՞ւն է ճարել: Ամոթ էլ է ասելը՝ իբր վարչապետի աշխատակազմում գործերը դորդուբեշ արեց, հիմա էլ բերել են ԱԺ, որ այստեղ դորդուբեշ անի: Ամեն անգամ պիտի գա, Անդրանիկ Քոչարյանի կողքին «գաջի տոպրակի» պես նստի, ռոճիկ, պարգեւավճար ստանա՝ գնա տուն: Ավելի ճիշտ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը սույն դատարկությանը նշանակեր իր անձնական ներկայացուցիչ՝ Քըլըչի հետ բանակցություններում: Արայիկ Հարությունյանը դրա փորձն ունի, ժամանակին մի բոլ քարշ է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զանազան երիտասարդական խմբերում:
Արդեն ասացի, որ հնամաշ ուսապարկերից է այս նորաթուխ պատգամավորը: Դեռ «Ելքի» օրերին Նիկոլից մեկ քայլ չէր հեռանում: Նույնիսկ Երեւանի ավագանու անդամ է եղել, եթե չեմ սխալվում: Նիկոլի ԿԳՄՍ առաջին նախարարն է եւ առաջին նախարարը, որին Նիկոլն ազատեց այդ պաշտոնից՝ ԿԳՄՍ ոլորտի մասին անհրաժեշտ գիտելիքներ չունենալու պատճառով: Նա Հայաստանի բոլոր ժամանակների առաջին կրթության նախարարն էր, որ Թումանյանից որեւէ քառյակ չգիտեր: Ինչեւէ՝ մենք պրծանք նախարար Հարությունյանից, բայց Նիկոլը չկարողացավ պրծնել այդ դատարկությունից, որին նախ նշանակեց իր աշխատակազմի ղեկավար, ապա՝ Գյումրու ընտրությունների համակարգող եւ ԱԺ ընտրությունների ՔՊ շտաբի պետ: Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի նախընտրական քարոզչությունն այդչափ դատարկ: Այս հարցի պատասխանը, կարծում եմ, այնքան ակներեւ է, որ դրան անդրադառնալ նույնիսկ չարժե: Ասա՝ ով է շտաբիդ պետը, ասեմ՝ ինչպիսին կլինի քարոզչությունդ:
Տարոն Չախոյան… Բավականին հայտնի անուն՝ ի հակակշիռ անհայտ հանրային ու պետական գործունեության: Այս երիտասարդին առաջին անգամ հանդիպել եմ Ֆեյսբուքում եւ մինչեւ վերջերս էլ Ֆեյսբուքից դուրս չէի տեսել: «Ֆեյքերի ֆաբրիկայի» առերեւույթ գործադիր տնօրենն այսօր պատգամավոր է, եւ հենց այդ հանգամանքի բերումով ես նրան առաջին անգամ տեսա խորհրդարանի ամբիոնի մոտ: Քանի որ «ֆեյքերի ֆաբրիկա» գրանցված կազմակերպություն գոյություն չուներ, Չախոյանն աշխատավարձ էր ստանում Նիկոլի աշխատակազմից, որտեղ ձեւակերպված էր որպես Արայիկ Հարությունյանի տեղակալ: Այդ «պաշտոնում» նա արդեն դարձել էր ֆեյսբուքյան թիվ մեկ զազրախոսը՝ Փաշինյանից հետո, իհարկե, եւ հիմնականում զբաղված էր Փաշինյանի հիմարագույն թեզերն ու արտահայտությունները վերատիրաժավորելու գործով: Շեֆը, ինչպես ասում են, նկատեց դա եւ առաջ տարավ Չախոյանին՝ նրան դարձնելով մի յուրահատուկ ուսապարկ Ազգային ժողովում:
Հարց կարող է առաջանալ, թե ԱԺ ՔՊ խմբակցությունում զազրախոսների պակաս կա՞ր, որ Նիկոլը նաեւ Չախոյանին բերեց ԱԺ: Ոչ, բարեկամներ, Նիկոլ Փաշինյանի շրջապատում՝ կառավարությունում լինի, թե ԱԺ-ում, զազրախոսների պակաս չկա, բայց, այ, Չախոյանի պարագան ունիկալ է մեկ այլ իմաստով: Փաշինյանն այս քայլով ինստիտուցիոնալացնում է «ֆեյքերի ինստիտուտը», որն այսուհետ, ի դեմս Չախոյանի, ներկայացված կլինի խորհրդարանում:
ՀԳ. ՔՊ մյուս նորաթուխ պատգամավորներին կանդրադառնանք ըստ անհրաժեշտության, հենց պարզվի, թե ինչ նպատակով է Փաշինյանը նրանց դարձրել երեսփոխան: Ուսապարկերն ինձ հետաքրքրում են միայն այդ տեսանկյունից: