2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից


Հանրաքվե կլինի, բայց միայն այն ժամանակ, երբ ՀՀ–ն պաշտոնապես կդիմի ԵՄ–ին անդամակցության հարցով։ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ և դրանից հետո ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների մասին։ Նա ընդգծել է, որ ՀՀ նպատակը այլընտրանքներ ստեղծելն է: Հայաստանի վարչապետը կարծում է, որ սա ցանկացած երկրի օրինական իրավունքն է: Նա հայտարարել է, որ ԵԱՏՄ–ի լավագույն դիրքորոշումը կլինի ոչ թե  այս գործընթացը տորպեդահարելը, այլ միության մրցունակության և գրավչության բարձրացման ուղղությամբ աշխատելը:

2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի, 2025–ին՝ մոտ 5 մլրդ դոլարով պակաս է եղել՝ 8 միլիարդ դոլար։ Այս տարի ևս առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է, և ակնհայտորեն կշարունակի նվազել՝ արձանագրում են ռուս պաշտոնյաները։ ՌԴ փոխվարչապետն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալն են նման հայտարարություններ անում։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ․«Վերջին երեք– չորս տարիներին մենք մեր հայ գործընկերներին ասում ենք, որ նման ռիսկեր գոյություն ունեն, մասնավորապես՝ առևտրաշրջանառության անկման ռիսկը։ Այս տարի առևտրաշրջանառության շատ կտրուկ անկում է գրանցվել։ Առևտրաշրջանառությունն արդեն իսկ նվազել է 230 միլիոն դոլարով՝ համեմատած 2025 թվականի հետ, և իրավիճակն այնպիսին է, որ այն ակնհայտորեն կշարունակի նվազել»։

Հայաստան– Ռուսաստան առևտրաշրջանառության ծավալը սկսեց կտրուկ նվազել, երբ տարբեր ապրանքների նկատմամբ սահմանափակումներ կիրառվեցին ռուսական կողմից։

Ռուսաստանը հունիսի սկզբից արգելեց հայկական ապրանքների գերակշիռ մասի ներմուծումը ԵԱՏՄ շուկա՝ ծաղիկներից ու բանջարեղենից մինչև հանքային ջուր ու կոնյակ, գյուղմթերք ու ձկնամթերք։ Այս երևույթին Հայաստանի վարչապետն անդրադարձավ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո ռուսական ԶԼՄ–ների հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ նա հատուկ ընդգծեց , որ յուրաքանչյուր երկրի համար կարևոր է մրցունակության բարձրացումը․

 «Եվ, ի դեպ, իմ ելույթում հռչակած հիմնական գաղափարը այս գործընթացը բացասական կերպով չներկայացնելն է, այլ՝ սա շատ լավ հնարավորություն է Եվրասիական տնտեսական միության համար՝ համատեղ աշխատելու  մրցունակությունը բարձրացնելու համար։ Առանց հիմնարար սկզբունքների իրականացման ԵԱՏՄ–ում ճգնաժամ կլինի։ Այն ինչ կատարվում է հայկական ապրանքների շուրջ, իհարկե, խնդիր է ՀՀ–ի համար։ Բայց դա նաև մեծ խնդիր է ԵԱՏՄ–ի համար, քանի որ ստացվում է , որ ԵԱՏՄ–ն չի աշխատում, քանի որ չեն աշխատում սկզբունքները»։

ԵԱՏՄ–ն չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք՝ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը ։ ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի երաշխավորումը՝ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Նա վիճակագրություն է ներկայացնում, ըստ որի՝ 2025–ին ՀՀ–ն ԵԱՏՄ բյուջե ավելի շատ գումար է վճարել, քան կառույցից ստացել է։

«2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է վճարել ավելի քան 319 միլիոն ԱՄՆ դոլար ներմուծման մաքսատուրքերի տեսքով, մինչդեռ Հայաստանին հատկացված միջոցները կազմել են մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսպիսով, Հայաստանը Միության ընդհանուր բյուջե է մուծել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման և ԵՄ շրջանակներում մեր պարտավորությունների բարեխիղճ կատարման ուղղակի ապացույցն է»։

2025 թվականին ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է շուրջ 5 մլրդ դոլար, իսկ հայկական արտադրանքի արտահանումը դեպի միության շուկաներ՝ մոտ 3,2 մլրդ դոլար է եղել։

Հայաստանի վարչապետն ընդգծում է, որ առանձին սահմանափակումներն ու վարչական մեթոդները խոչընդոտում են ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի կանխատեսելիությունը: ՀՀ-ն մշտապես երաշխավորում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսվարողների համար ոչ խտրական, բարենպաստ պայմաններ: Հայաստանը ակնկալում է, որ նման մոտեցում կգործի ԵԱՏՄ ամբողջ տարածքում: Նրա խոսքով՝ ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ չորս երկիրների ղեկավարների՝ 2026-ի մայիսի 29-ի հայտարարությունը, որով աջակցություն են հայտնում Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին: Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գործընկերներին հիշեցրել է, որ  2025-ին ՀՀ-ն ընդունել է օրենք, որով մեկնարկել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը: Այդ օրենքի ընդունման ռազմավարական նպատակը Հայաստանի համար այլընտրանքային զարգացման ուղղություն ստեղծելն է:

«Մենք հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ, սակայն օրենքի ընդունումը դեռ չի նշանակում, որ ՀՀ-ն այսօր իրական հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ: Դրա համար անհրաժեշտ կլինեն նաև ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և ՀՀ քաղաքացիների որոշումը: Նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնապես դիմել ԵՄ-ին՝ անդամակցելու հայտով, այնուհետ ՀՀ-ն պետք է ստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ»:

Առնվազն այս փուլերը չանցնելով հանրաքվեն բովանդակային իմաստ չի ունենա: Դա կնշանակի, որ կառավարությունն իր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխանել մի հարցի, որն այս պահին դեռ գոյություն չունի՝ ասում է Փաշինյանը։ Նա համոզված է, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործակցությունը երրորդ պետությունների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *