Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացման պատճառով ԱՄՆ զինվորականների հարազատները հայտնվել են արտաքսման վտանգի տակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսման արշավի շրջանակում ձերբակալել է գործող զինծառայողների ավելի քան 50 ծնողների և ամուսինների, պարզել է Associated Press գործակալությունը։

AP-ի հետաքննության տվյալներով՝ առնվազն վեց զինծառայողների հարազատներ արդեն արտաքսվել են, մեկ մարդ ինքնուրույն լքել է ԱՄՆ-ը, իսկ զինվորականների ընտանիքների ևս առնվազն ութ անդամ շարունակում են մնալ ներգաղթի իշխանությունների կալանքի տակ։

Տասնամյակներ շարունակ զինծառայողների ծնողներն ու ամուսինները մեծ մասամբ պաշտպանված էին արտաքսումից՝ երկու կուսակցությունների աջակցությամբ։ Սակայն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո նրանք սկսել են պարբերաբար ենթարկվել ձերբակալությունների, նույնիսկ երբ փորձում են զինծառայողների մերձավոր ազգականների համար նախատեսված գործող ծրագրերի միջոցով օրինական կարգավիճակ ստանալ։

Փորձագետները զգուշացնում են, որ նման քաղաքականությունը կարող է բացասաբար ազդել բանակի մարտունակության վրա․ զինվորականները մնում են առանց ընտանիքների աջակցության, ստիպված են արձակուրդ վերցնել երեխաների խնամքի համար, իսկ ոմանք հետաձգում են ծառայությունը կամ գործուղումները։

«Ինչպե՞ս կարող եմ ընդհանրապես կենտրոնանալ իմ զինվորական կարիերայի վրա, եթե պետք է անհանգստանամ, թե ինչ է կատարվում իմ կնոջ հետ»,- հայտարարել է ԱՄՆ բանակի սերժանտ Հեդար Լեոնել Տուրսիոս Խուարեսը, որի կնոջը հուլիսին ձերբակալել էին նրանց վեցամյա դստեր աչքի առաջ։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ նման դեպքերի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարում և ընդգծել է, որ ամերիկյան բանակում ծառայությունն ինքնին չի տալիս օրինական կարգավիճակ ստանալու կամ միգրացիոն օրենսդրությունից ազատվելու ավտոմատ իրավունք։

Միաժամանակ նախկինում զինծառայողների հարազատները սովորաբար արժանանում էին միգրացիոն մարմինների առանձնահատուկ վերաբերմունքին։ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության գլխավոր իրավախորհրդատուի նախկին տեղակալ Դեն Գիվիդենը հայտարարել է, որ առաջին Թրամփի վարչակազմի ժամանակ իր աշխատանքի ընթացքում նման մարդկանց գրեթե երբեք չէին ձերբակալում, եթե նրանք ծանր հանցագործություններ չէին կատարել։

«Մենք նման դեպքերում ընդհանրապես չէինք սկսի արտաքսման գործընթաց։ Սա խելահեղություն է»,- Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։

Փոփոխությունների պատճառներից մեկը 2025 թվականին ներդրված նոր քաղաքականությունն էր, ըստ որի՝ բանակում ծառայությունն օտարերկրացիներին ինքնին չի ազատում միգրացիոն օրենսդրության խախտման հետևանքներից։

Միաժամանակ զինվորականները շարունակում են ներգաղթի արտոնությունները օգտագործել որպես նորակոչիկների ներգրավման փաստարկ։ Ծրագրերից մեկը զինծառայողների ամուսիններին, երեխաներին և ծնողներին թույլ է տալիս երկրի ներսում օրինական կարգավիճակ ստանալ, սակայն ներկա վարչակազմի օրոք դիմումների քննության ժամկետներն ավելի քան կրկնակի աճել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *