Երրորդ դեպքը 2 շաբաթում. Վրաստանում հոսանքի մասշտաբային անջատումը կանգնեցրել է Թբիլիսիի մետրոն և երկաթուղին

Վրաստանում տեղի է ունեցել հերթական մասշտաբային հոսանքազրկումը, որի պատճառով խաթարվել է Թբիլիսիի մետրոպոլիտենի և երկաթուղու աշխատանքը, հայտնում է Interpressnews-ը։

Ներկայումս Թբիլիսիի մետրոն չի աշխատում։ Բնակիչների հաղորդմամբ՝ կանգ է առել նաև «Վրացական երկաթուղու» գնացքների շարժը։

Նոր խափանման պաշտոնական պատճառը դեռևս չի հաղորդվում։

Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում տեղի ունեցած արդեն երրորդ մասշտաբային հոսանքազրկումն է։ Առաջին խոշոր խափանումը տեղի է ունեցել հուլիսի 24-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, իսկ երկրորդը՝ հուլիսի 25-ի առավոտյան։

Հուլիսի 24-ի վթարից հետո Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովը (GNERC) սկսել է պատահարի պատճառների ուսումնասիրությունը։ Հանձնաժողովի տվյալներով՝ երկրի էներգահամակարգում տեղի ունեցած համակարգային վթարը հանգեցրել է էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության ցանցերի աշխատանքի ընդհատումների։

Հանձնաժողովի ղեկավար Դավիթ Նարմանիան հայտարարել է, որ անջատման պատճառ է դարձել «Իմերեթի» բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարը։

Բացի դրանից, հուլիսի 24-ի և 25-ի վթարներից հետո Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել հնարավոր սաբոտաժի հոդվածով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *