Լեհաստանում երաշտի պատճառով Վիսլա գետի մակարդակը մոտեցել է պատմական նվազագույնին

Լեհաստանում երաշտի պատճառով հայտարարվել է 71 հիդրոլոգիական նախազգուշացում, և առաջիկա օրերին դրանց թիվը կարող է աճել, հայտնում է Polsat News-ը։

Նախազգուշացումները ընդգրկում են Վիսլայի գրեթե ամբողջ հատվածը՝ գետի վերին հոսանքներից մինչև ստորին հոսանք, հայտնել է Լեհաստանի օդերևութաբանության և ջրային տնտեսության ինստիտուտի հիդրոլոգ Պավել Ստանիշևսկին։

Աննոպոլ քաղաքում գրանցվել է ջրի մակարդակի նոր բացարձակ նվազագույնը․ այժմ այն կազմում է 160 սմ՝ ավելի քան 70 տարի առաջ սահմանված նախորդ ռեկորդային 162 սմ-ի դիմաց։

Վարշավայում Վիսլայի մակարդակը նույնպես մոտենում է պատմական նվազագույնին։ «Վարշավա-Բուլվարներ» կայանում ջուրը իջել է մինչև 109 սմ, մինչդեռ ռեկորդային ցածր ցուցանիշը՝ 104 սմ, գրանցվել էր 2025 թվականի օգոստոսին։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին մակարդակը կարող է շարունակել նվազել։

Չափազանց ցածր ցուցանիշներ են արձանագրվում նաև Կոզենիցե և Պոնյատովա շրջաններում՝ համապատասխանաբար մոտ 100 և 94 սմ։ Ջրի պակասի պատճառով երկու էլեկտրակայաններ ստիպված են եղել սահմանափակել էլեկտրաէներգիայի արտադրությունը․ գետի ջուրն օգտագործվում է էներգաբլոկների հովացման համար։

Կոզենիցեի էլեկտրակայանում այժմ աշխատում է 11 էներգաբլոկներից հինգը։ Օպերատորը հայտարարել է, որ դա բավարար է էներգահամակարգի պահանջները բավարարելու համար։

Միաժամանակ հիդրոլոգները նշում են, որ իրավիճակի կայուն բարելավման համար անհրաժեշտ է նորմայից բարձր տեղումների երկարատև շրջան։ Երաշտի ֆոնին Լեհաստանի օդերևութաբանական ծառայությունները նաև ուժեղ շոգի վերաբերյալ նախազգուշացումներ են հայտարարել․ երկրի հարավ-արևելքում ջերմաստիճանը կարող է հասնել +40-ի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *