Իտալիայում գործարկվել է նոր զբոսաշրջային նախագիծ, որը միավորում է մի քանի ուխտագնացական երթուղի՝ կապված Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզեցու կյանքի և ժառանգության հետ, հաղորդում է Euronews-ը։
«Ֆրանցիսկոսի ուղի — Լույսի ուղի» (Cammino di Francesco — Il Cammino della Luce) երթուղիների ցանցն ընդգրկում է 1546 կմ ճանապարհ՝ անցնելով երկրի վեց տարածաշրջաններով՝ Աբրուցո, Էմիլիա-Ռոմանիա, Լացիո, Մարկե, Տոսկանա և Ումբրիա։ Բոլոր երթուղիներն ավարտվում են Ասիզիում՝ Սուրբ Ֆրանցիսկոսի ծննդավայրում։
Նախագիծը նվիրված է Իտալիայի հովանավորի մահվան 800-ամյակին և ներկայացվել է Հռոմի պապի՝ Ասիզի կատարելիք այցի նախապատրաստության շրջանակում։
«Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզեցին Իտալիայի հովանավորն է ոչ միայն իր կրոնական ժառանգության շնորհիվ, այլև որովհետև նա մարմնավորում է արժեքներ, որոնք խորապես կապված են մեր երկրի ինքնության հետ», — հայտարարել է Իտալիայի մշակույթի փոխնախարար Պիետրո Կաննելան։
Ըստ նրա՝ Ֆրանցիսկոսի սերը բնության հանդեպ, խոցելի մարդկանց նկատմամբ հոգածությունը, երկխոսության ձգտումը և խաղաղությունը որպես համակեցության հիմք ընտրելը արդիական են նաև այսօր։
Ուխտավորները կկարողանան ստանալ հատուկ անձնագիր (credenziale), որի վրա ճանապարհին կդրվեն կնիքներ։ Այն մասնակիցների համար, որոնք մինչև Սուրբ Ֆրանցիսկոսի դամբարան կհաղթահարեն վերջին 100 կմ-ը ոտքով կամ 200 կմ-ը հեծանվով, նախատեսված է ուխտագնացության ավարտը հաստատող վկայագիր։