Հանրապետական կոնգրեսական Չակ Էդվարդսը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններին այն բանից հետո, երբ էթիկայի հանձնաժողովը խորհուրդ է տվել նրան պաշտոնապես նկատողություն հայտարարել՝ աշխատակցուհիների նկատմամբ անպատշաճ վարքագծի մեղադրանքների պատճառով, հաղորդում է CBS News-ը։
«Երկար աղոթքներից և մտորումներից հետո որոշեցի հանել թեկնածությունս ընտրություններից։ Ես կավարտեմ ներկայիս լիազորությունների ժամկետը։ Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հյուսիսային Կարոլինայի արևմտյան հատվածը», — գրել է Էդվարդսը սոցցանցերում։
Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ կան «էական հիմքեր կարծելու», որ կոնգրեսականը խախտել է Ներկայացուցիչների պալատի վարքականոնը՝ չպահպանելով այն կանոնները, որոնք արգելում են սեռական ոտնձգություններն ու աշխատակիցների նկատմամբ անցանկալի ուշադրության նշանները։ Հետաքննության տվյալներով՝ Էդվարդսը բազմիցս դրսևորել է ոչ պրոֆեսիոնալ և անտեղի վարքագիծ իր աշխատակազմի երկու երիտասարդ աշխատակցուհիների նկատմամբ։
Ինքը՝ կոնգրեսականը, մերժում է մեղադրանքները։ Նրա նախընտրական շտաբի հայտարարության մեջ պնդվում է, որ հանձնաժողովի եզրակացությունները «ամբողջությամբ արդարացնում են» Էդվարդսին սեռական ոտնձգությունների մեղադրանքների մասով։
Շտաբում ընդգծել են, որ հանձնաժողովը չի հաստատել աշխատակցուհիների հետ սեռական հարաբերությունների, ուղղակի սեռական առաջարկների, «ծառայություն դիմաց ծառայության» սկզբունքով ոտնձգությունների կամ սեռական ոտնձգությունների վերաբերյալ դաշնային օրենսդրության խախտումների փաստեր։
Չակ Էդվարդսը առաջին անգամ ընտրվել է Ներկայացուցիչների պալատ 2022 թվականին։ Չնայած այն հանգամանքին, որ նրա ընտրատարածքը Հյուսիսային Կարոլինայում 2010 թվականից ի վեր դեմոկրատի չի ընտրել, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հույս ունեն առաջիկա ընտրություններում այս մանդատի համար պայքարը դարձնել մրցակցային։